«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ներկայացրել է, թե ինչու պետք է ակումբի երկրպագուները սիրեն Հենրիխ Մխիթարյանին
Спорт«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը ներկայացրել է պատճառները, որոնց համար ակումբի երկրպագուները պետք է սիրեն թիմի նորեկ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
Ակումբի պաշտոնական կայքը զրուցել է գերմանացի ֆուտբոլային փորձագետ Ռաֆայել Հոնիգստեյնի հետ, ով իր կարծիքն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության վերաբերյալ և նշել պատճառներ, թե ինչու պետք է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները սիրեն Հենրիխ Մխիթարյանին:
Առաջին պատճառը, որը նշել է գերմանացի փորձագետն այն է, որ Մխիթարյանը ճանաչվել է ավարտված մրցաշրջանի գերմանական Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ: «Մխիթարյանը հիանալի խաղացող է, նա անցած մրցաշրջանում լավագույնն էր Բունդեսլիգայում, և հիմա իսկապես հաճելի է հետևել նրա խաղին: Նա հարձակվողական ոճի կիսապաշտպան է, որը կարող է խաղալ 10 համարի դիրքում կամ մեկ այլ դիրքում` օգնելով թիմին արդյունավետ գրոհների կազմակերպման հարցում: Նա սիրում է կոտրել մրցակիցներին, նրա վերջին գոլն ուղղակի ֆանտաստիկ էր: Նա շատ գոլեր է հեղինակում և գոլային փոխանցո ւմներ կատարում: Նա տեխնիկապես լավ պատրաստված և իմաստուն ֆուտբոլիստ է»,- ասել է Հոնիգստեյնը:
Այնուհետև փորձագետը նշել է, որ Հենրիխը ֆուտբոլային ընտանիքում է մեծացել, նրա հայրը ֆուտբոլիստ է եղել, քույրն աշխատում է ՈՒԵՖԱ-ում, նրանք ինտելիգենտ մարդիկ են: «Հենրիխը լավ կրթված է, տիրապետում է մի քանի լեզուների: Նա չկարողացավ լավ հանդես գալ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ, սակայն շատ արդյունավետ մրցաշրջան անցկացրեց Թոմաս Տուխելի գլխավորությամբ»,- ասել է նա:
Վերջում փորձագետը կարծիք է հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները կհավանեն Մխիթարյանի խաղը: Նա նշել է, որ Ժոզե Մոուրինյոն կկարողանա լավ աշխատել նրա հետ, իսկ Մխիթարյանը պետք է ապացուցի, որ կարող է լինել այն ֆուտբոլիստը, ում խաղը դուր կգա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին: