Ռուբեն Նազարեթյան. «Ֆուտզալ Բիզնես լիգայում» չկային ուժեղ եւ թույլ թիմեր
Спорт«Ֆուտզալ Բիզնես լիգա» ՀԿ նախագահ, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտված A մրցաշարից հետո ամփոփել է այն մրցաշարի մամուլի ծառայության հետ զրույցում: Մարզաձեւի մասսայականցմանը, անկասկած, նոր թափ հաղորդեց «Ֆուտզալ Բիզնես լիգայի» ստեղծումը: Ռուբեն Նազարեթյանը, կազմակերպելով այս մրցաշարը, շատ հեռուն գնացող նպատակներ է հետապնդում:
«Ֆուտզալ Բիզնես լիգա» մրցաշարը ինչպիսի՞ նպատակներ է հետապնդում Հայաստանում:
«Ֆուտզալ Բիզնես լիգա» մրցաշարը Հայաստանում ֆուտզալի մասսայականցմանը նպաստելու եւ ֆուտզալիստների վարպետության մակարդակը բարձրացնելու նպատակներ է հետապնդում:
Պարոն Նազարեթյան, ավարտվեց Ձեր կողմից կազմակերպված «Ֆուտզալ Բիզնես լիգա» մրցաշարը, ի՞նչ տպավորություններ ունեք:
Նախ ասեմ, որ բավականին հետաքրքիր պայքարում անցավ մրցաշարը: Այստեղ չկային ուժեղ եւ թույլ թիմեր: Ամեն խաղում թիմերը պայքարում էին հաղթանակի համար: Բավականին տպավորված եմ, քանի որ մրցաշարի ընթացքում կային թիմեր, որ ունեին ֆուտզալային ձեռագիր:
Ի՞նչ եք կարծում, մրցաշարի ընթացքում կային ֆուտբոլիստներ, որոնք հետագայում կարող են համալրել Հայաստանի ազգային հավաքականը:
Ինչպես գիտեք, վերջերս ֆուտբոլի ակադեմիայում անցկացրինք երկօրյա ուսումնամարզական հավաք, որի ժամանակ հրավիրել էինք նաեւ «Ֆուտզալ Բիզնես լիգա» մրցաշարին մասնակից թիմերից 7 ֆուտբոլիստի: Կան տղաներ, որ հետագայում կարող են համալրել մեր ազգային հավաքականը:
Իրականում Հայաստանում նախադեպը չունեցող մրցաշարի ավարտից հետո անհամբեր բոլորս սպասելու ենք մյուս մրցաշարի մեկնարկին: Կասե՞ք, թե ապագայում ինչ նպատակներ ունեք:
Արդեն կան բազմաթիվ թիմեր, որ հայտ են ներկայացրել մասնակցելու գալիք՝ աշնանային մրցաշարին, որը կմեկնարկի սեպտեմբեր ամսին: Շարունակելու ենք աշխատել եւ գնալ մեր նպատակների հետեւից: