Հենրիխ Մխիթարյանը տպավորիչ խաղով նշեց նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում
Спорт2016-17թթ․ մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց, մրցակիցն «Ուիգանն» էր։
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել էր մեկնարկային կազմում։ Հայաստանի ազգային հավաքականի ավագը տպավորիչ խաղակես անցկացրեց՝ գոլային պահեր ստեղծելով թիմակիցների և իր համար։

Առաջին խաղակեսում գոլեր չարձանագրվեցին, իսկ ընդմիջումից հետո Մխիթարյանի, Լինգարդի, Մեմֆիսի, Ֆոսու-Մենսայի, Կերիկի, Շոուի և Ուիլսոնի փոխարեն խաղադաշտ դուրս եկան Վալենսիան, Յանուզայը, Ջոնսը, Յանգը, Կինը, Պերեյրան և Մատան։ Մոուրինյուի կատարած փոփոխություններն աշխատեցին, և 49-րդ րոպեին Խուան Մատայի փոխանցումից հետո աչքի ընկավ Ուիլ Կինը։ 9 րոպե անց Անդրեաս Պերեյրան կրկնապատկեց «Մանչեսթեր Յունայթեդի» առավելությունը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։
Հավելենք, որ հուլիսի 22-ին «Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական հանդիպում է անցկացնելու Դորտմունդի «Բորուսսիայի» հետ, հուլիսի 25-ին՝ «Մանչեսթեր Սիթիի», իսկ հուլիսի 30-ին՝ «Գալաթասարայի»։

Ստուգողական հանդիպում
«Ուիգան» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։2
Գոլերը՝ Կին 49՛, Պերեյրա 58՛