Մարեյ․ Ուրախ եմ, որ դժվարություններից հետո պայքարում եմ ուժեղագույնի կոչման համար
СпортՌիոյում ընթացող Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակչում բրիտանացի Էնդի Մարեյը 7:5, 4:6, 6:2, 7:5 հաշվով հաղթեց արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին և կարիերայում երկրորդ անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն։ Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) պաշտոնական կայքին տված հարցազրույցում Մարեյը հաղթանակի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։
-Կարիերայիս ամենակարևոր և ամենաբարդ խաղերից էր։ Այս հանդիպումը նման էր Նովակ Ջոկովիչի դեմ «US Open»-ի եզրափակչին, երբ ես առաջին անգամ հաղթեցի «Մեծ Սաղավարտի» մրցաշարում։ Երկու խաղերում էլ շատ բարդ էր ինչպես ֆիզիկական տեսանկյունից, այնպես էլ էմոցիոնալ, շատ էին վայրէջքներն ու վերելքները։
Հպարտ եմ, որ առաջին թենիսիստն եմ, ում հաջողվել է մենախաղում պաշտպանել օլիմպիական չեմպիոնի կոչումը։ Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո շատ փոփոխություններ են եղել․ ես ենթարկվել եմ մեջքի վիրահատության, վարկանիշային աղյուսակում զիջել եմ դիրքերս, դժվարին փուլերում եմ եղել․․․ Ուրախ եմ, որ այդ ամենից հետո դեռ պայքարում եմ ուժեղագույնի կոչման համար։
Տոկիոյի Օլիմպիական խաղե՞րը․․․ Եթե շարունակեմ խաղալ, այդ ժամանակ 33 տարեկան կլինեմ։ Չեմ կարող պատկերացնել, որ այդ տարիքում կկարողանամ այս մակարդակով հանդես գալ։ Մտածում եմ միայն այս պահի մասին և վայելում եմ հաղթանակը,- ասել է Մարեյը։