Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Եվրոպայի պատանեկան առաջնությունում
СпортՊրահայում շարունակվում է Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնությունը: Տեղի են ունեցել մրցաշարի 4-րդ տուրի հանդիպումները: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժինը, ներկայացնում է հայ շախմատիստների գրանցած արդյունքները.
Մինչև 8 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը գլխավորում են 5 շախմատիստ, ովքեր իրենց ակտիվում 4 հնարավորից գրանցել են 4-ական միավոր: Նրանց թվում է Ռուդոլֆ Փաշիկյանը:
Մինչև 10 տարեկանների մրցաշարում հանդես եկող Արսեն Դավթյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը վաստակել են 3,5-ական միավոր և մրցաշարի 4 առաջատարից ետ են մնում կեսական միավորով:
Մինչև 12 տարեկանների ենթախմբում մրցաշարային աղյուսակը գլխավորում են 4-ական միավոր վաստակած 6 շախմատիստ, որոնց թվում է Մամիկոն Ղարիբյանը:
Մինչև 14 տարեկան տղաների առաջատարների թվում է Շանթ Սարգսյանը, ով 4 հնարավորից վաստակել է 4 միավոր:
Մինչև 16 տարեկան տղաների ենթախմբում մրցաշարային աղյուսակը գլխավորում են 4-ական միավոր վաստակած 3 շախմատիստ, իսկ մրցաշարում հանդես եկող Արամ Հակոբյանը վաստակել է 3.5 , Դավիթ Միրզոյանը՝ 3 միավոր:
Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը 100-տոկոսանոց արդյունքով գլխավորում են երկու շախմատիստ՝ Հայաստանը ներկայացնող Մանուել Պետրոսյանը և Ֆրանսիայի ներկայացուցիչ Բիլել Բելանշեն:
Աղջիկների պայքարում հաջող է հանդես գալիս մինչև 12 տարեկանների առաջնությանը մասնակցող Մարիամ Մկրտչյանը, ով 4 հնարավորից վաստակել է 3,5 միավոր և առաջատարներից ետ է մնում կես միավորով: