Լուսակն համայնքում միմյանց դեմ կպայքարեն համայնքի ՀՀԿ-ական նախկին ղեկավարն ու դպրոցի անկուսակցական պահակը
ПолитикаՍեպտեմբերի 18-ին կայանալու են ՏԻՄ ընտրություններ, որի ժամանակ Հայաստանի 5 մարզերի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի 317 համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ են անցկացվելու:
Արագածոտնի մարզի 99 համայնքներից 9-ում անցկացվելու են միայն համայնքի ղեկավարի, 19-ում` միայն ավագանու անդամի, իսկ 71-ում` միաժամանակ և՛ համայնքի ղեկավարի, և՛ ավագանու անդամի ընտրություններ:
Արագածոտնի մարզում ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից բացի թեկնածուներ ունեն ԲՀԿ-ն, ՔՊԿ-ը, ՀՎԿ-ն և «Ալյանսը»:
ԿԸՀ-ի կայքում հրապարակված տեղեկության համաձայն` մրցապայքարը թեև հիմնականում ծավալվելու է ՀՀԿ-ական նախկին համայնքի ղեկավարների և ինքնաառաջադրված անկուսակցական թեկնածուների միջև, սակայն կան համայնքներ, որտեղ կմրցեն ընդդիմադիր դաշտի կուսակցությունների ներկայացուցիչներ նույնպես, չի բացառվում, որ որոշ համայնքներում պայքարն իրականում բավական թեժ լինի:
Արուճում և Արտաշատավանում, օրինակ՝ ՀՅԴ-ական թեկնածուները կպայքարեն 2-ական անկուսակցական թեկնածուների դեմ, որոնք բոլորն էլ ինքնաառաջադրվել են:
Արագածոտնի մարզի Իրինդ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կմրցակցեն երկու ՀՀԿ-ական, մեկ անկուսակցական և մեկ ՔՊ կուսակցության ներկայացուցիչ:
Լեռնարոտ համայնքում էլ երեք անկուսակցական թեկնածու, բոլորն էլ ինքնաառաջադրված, կպայքարեն միմյանց դեմ, իսկ ամենահետաքրքիրը, կարծում ենք, կլինեն նաև Լուսակն համայնքի ընտրությունները: Այստեղ միմյանց դեմ պայքարելու են ՀՀԿ-ական նախկին համայնքի ղեկավարն ու գյուղի դպրոցի պահակը:
Ծաղկահովիտ համայնքում միմյանց դեմ կպայքարի 4 թեկնածու, որից երկուսն անկուսակցական է, 1-ը` ՀՀԿ-ական, իսկ մյուսը` ԲՀԿ-ական:
Ծիլքարում նույնպես չի բացառվում, որ պայքարը թեժ լինի: Այստեղ պայքարը կծավալվի 2 ՀՀԿ-ականի միջև, որոնցից մեկը նախկին համայնքի ղեկավարն է, և ինքնաառաջադրված ՀՅԴ-ականի միջև: Կաթնաղբյուրում նույնպես կմրցեն համայնքի նախկին ՀՅԴ-ականն ու ՀՀԿ-ականը, իսկ Միջնատուն համայնքում պայքարը կծավալվի ինքնաառաջադրված ԲՀԿ-ականի և համայնքի ՀՀԿ-ական նախկին ղեկավարի միջև:
Շենավան համայնքում էլ համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչը կմրցի 3 անկուսակցական և 1 ՀՀԿ-ական թեկնածուի դեմ:
Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում նույնպես հետաքրքիր ընտրություններ են սպասվում: Այստեղ պայքարի են դուրս եկել «Հայկական վերածնունդ» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Ուջանում և Սաղմոսավանում կրկին միմյանց դեմ կպայքարեն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն:
Օշականում իրար դեմ կմրցեն «Ալյանս» կուսակցության ինքնաառաջադրված թեկնածուն, նույն համայնքի անկուսակցական նախկին ղեկավարն ու ևս 1 անկուսակցական ինքնաառաջադրված թեկնածու:
Նշված համայնքների ճնշող մեծամասնությունում «պայքարը» հիմնականում ծավալվելու է ՀՀԿ-ական համայնքի նախկին ղեկավարի և 1-2 անկուսակցական ինքնաառաջադրված թեկնածուի միջև, այսինքն` կարելի է նախապես համոզված պնդել, որ մի քանի համայնքից բացի, ընտրություններն Արագածոտնում կանցնեն ջերմ, բարեկամական մթնոլորտում և մարզի համայնքների ստվար մասը կմնա ՀՀԿ-ի վերահսկողության ներքո:
Արմինե Գրիգորյան