Արթուր Դավթյանն ու Հարություն Մերդինյանը` ստացած վնասվածքների մասին
СпортՌիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած ամառային օլիմպիական խաղերից հետո մարմնամարզության Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին իրենց մրցելույթների մասին:
Ինչպես նշեց Հարություն Մերդինյանը, ստացած վնասվածքն ազդեցություն թողեց իր ունեցած արդյունքի վրա. «Լարվածությունը, երեւի, այնքան չխանգարեց ինձ, որքան ցավը: Ես գրեթե ամեն մրցումից առաջ ունենում եմ ցավեր: Ստացածս վնասվածքը եւ գերհոգնածությունը խանգարեցին ինձ, եւ դրա պատճառով եղավ ամեն ինչ: Հոգեբանորեն պատրաստ էի, բայց ուժերս սպառվել էին, դժվարացա եզրափակիչի օրը անել բարդ վարժությունը»,- նշեց Հարություն Մերդինյանը:
Նշենք, որ Արթուր Դավթյանը եւս ուներ վնասվածք, սակայն, իր խոսքով, վերջնական ելույթի ժամանակ դա իրեն չխանգարեց:
«Առաջին փորձի ժամանակ ամեն ինչ հաջող ստացվեց, եւ բարձր արդյունք ունեցա: 2-րդ փորձի ժամանակ մարզական բախտը երես թեքեց, եւ սովորականից բարձր ցատկս անհաջող վայրեջքով ավարտվեց: Վնասվածք ունեի, սակայն դա ինձ չխանգարեց, մարզական անհաջողություն էր »,- ասաց Արթուր Դավթյանը: