Ազատաշենում ԲՀԿ-ն հավանաբար կփորձի պահպանել իր դիրքերը
ПолитикаԱրարատի մարզի Ազատաշեն համայնքի գործող գյուղապետ Ստեփան Ստեփանյանը, ով 1993թ. օգոստոսից ղեկավարում է համայնքը, այլևս չի ցանկանում առաջադրվել: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց համայնքի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Մարինե Բադալյանը: Նրա խոսքով` գործող գյուղապետը 23 տարի անընդմեջ ընտրվել է այդ պաշտոնում և այդ ընթացքում բավական հարցեր է կարողացել լուծել՝ գազաֆիկացվել է, փողոցներն են լուսավորվել, բայց հիմա իրենց համայնքում ղեկավարի փոփոխություն է սպասվում:
«Իհարկե, գյուղ չկա, որ խնդիրներ չունենա, բայց հրատապ լուծման անհրաժեշտ հիմնական խնդիրները լուծված են: Ութամյա դպրոցը վերանորոգման կարիք ունի»,- ասաց Մ. Բադալյանը:
ԲՀԿ գործող գյուղապետի փոխարեն իր թեկնածությունն է առաջադրել գյուղապետի ազգականը` կրկին ԲՀԿ-ական Սարգիս Ստեփանյանը: Նրա հետ մրցակցելու է անկուսակցական Գարեգին Եգոյանցը:
Թե ում շանսերն են ավելի շատ կլինեն և ով կլինի Ազատաշենի հաջորդ գյուղապետը, ցույց կտա ժամանակը, սակայն ընդգծենք, որ այս համայնքում կուսակցական ուղու առումով առանձնապես շատ բան չի փոխվի:
Հարցին, թե ինչո՞վ են մինչ գյուղապետի պաշտոնում առաջադրվելը զբաղվել թեկնածուները, Մ. Բադալյանն ասաց, որ Ս. Ստեփանյանը մինչ առաջադրվելը սովորել է (հավանաբար նկատի ուներ բուհում` հեղ.), իսկ Եգոյանցի վերաբերյալ Մ. Բադալյանն ասաց. «Դե, բնակիչ է, ինչո՞վ պետք է աչքի ընկներ, սովորական, նորմալ մարդ է»:
Ա. Գրիգորյան