Քառօրյա պատերազմից հետո շփման գծի տեխնիկական հագեցվածության աշխատանքներն ավելի արագ են ընթանում. Օհանյան
Политика2016-ի քառօրյա մարտական գործողությունները Պաշտպանության բանակի հատվածում ցույց տվեցին, որ պաշտպանության գիծը ինժեներական սարքավորումներով, թե՛ խորությամբ, թե՛ ամբողջ ճակատով, իր հագեցվածությամբ ապահովում է ժամանակակից մարտական գործողությունների վարումը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, նման հայտարարությամբ օգոստոսի 31-ին լրագրողների հետ զրույցում հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Ես բազմիցս ասել եմ` թող մեր ժողովրդի մոտ տպավորություն չստեղծվի, որ առաջնագծի կատարելագործման աշխատանքները արվում են միայն 2016 թվականին:
Պարզապես համապատասխան աշխատանքներ այսօր վարվում են ինժեներական հագեցվածության ուղղությամբ: Տարբեր տեղերում, որտեղ թեթևակի փոփոխություններ են եղել առաջնագծում լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում տեխնիկական միջոցներով, տեսադիտարկման սարքերով հագեցվածության ուղղությամբ:
Հիշեցնում եմ, որ այդ ուղղությամբ աշխատանքները սկսել տարվել դեռ 2013թ-ի վերջին, 2014-2015 թվականներին»,- նշեց նախարարը:
Օհանյանի խոսքով` Քառօրյա պատերազմը ստիպել է, որպեսզի առաջնագծի տեխնիկական հագեցվածության ուղղությամբ աշխատանքներն ավելի արագ արվեն: «Հիշեցնում եմ, որ շատ մարտական գործողություններում կանխարգելիչ դերակատարություն են ունեցել հենց տեսադիտարկման սարքերի առկայությունը, նրանցից ստացված տեղեկատվությունը և տվյալ դիրքերում գործող հրամանատարների, ենթակա զինվորների հմուտ գործողությունները»,- շեշտեց նախարարը:
Անդրադառնալով շփման գծում այսօր տիրող իրավիճակին` Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցների թիվը քիչ է, սակայն ադրբեջանական կողմից խախտումներ լինում են:
«Այն կրակոցներին, որոնք որ անկանոն են, չենք պատասխանում: Ձգտում ենք այնպես անել, որ լարվածություն չլինի, սակայն զինված ուժերի գործունեությունը միշտ էլ փոթորկի նման է. մենք միշտ էլ մեր զգոնությունը պահում ենք և պատրաստ ենք տարբեր փոթորիկներին դիմագրավելու»,- ամփոփեց Սեյրան Օհանյանը: