Վանաձորում երեկ ընդդիմադիր երեք ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը,-այս մասին հայտնում է ORER.am-ը: ԱԺ պատգամավորն իր խոսքում անդրադարձավ «քառյակի» 12 կետերին և նշեց, որ դրանցից մեկը վերաբերում է մենաշնորհին: Լևոն Զուրաբյանն ասաց, որ տնտեսագետների հաշվարկները ցույց են տալիս, որ միայն շաքարի մենաշնորհի եկամտաբերությունը կազմում է մոտ 250 տոկոս. «Մարքսն ասում էր` 250 տոկոս եկամտաբերության համար չկա մի հանցանք, որի առջև կապիտալիստը չի կանգնի: Այսօրվա ՀՀ իշխանություններն իրենք գործողություններով ապացուցում են, որ չկա այդպիսի հանցանք, որի առջև իրենք կկանգնեն: Միայն շաքարի մենաշնորհը քանդելուց հետո շաքարի գինը երկու անգամ պակասելու է, նույնը տարածեք բենզինի և այլնի վրա: Քանդելով մենաշնորհները մենք կիջեցնենք, բոլոր գները և կստեղծենք ազնիվ մրցակցության մթնոլորտ»:
Լևոն Զուրաբյանի խոսքով` շարունակվող ապօրինություներից հետո հարց է ծագում, թե ո՞նց է ստացվել, որ նրանք կրկին իշխանության են մնում. «Սրանք իրենց մնալու համար գտել էին մի արդարացում, որը մոտավորապես այսպես էր հնչում` կազինո ենք գնում, թալանում ենք, ինչ ասես, անում ենք, բայց «զատո» Ղարաբաղը պահում ենք: Այս թեման հենց այնպես չեմ բացում: Նոր եմ վերադարձել ԵԽԽՎ-ից, որտեղ հայաստանյան դիվանագիտությունը կրել է իր խայտառակ պարտություններից մեկը: ԵԽԽՎ-ն զեկույց է պատրաստելու, որը կոչվելու է` «Բռնության ահագնացում Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում»: Այս վերնագրից հետևում է, որ ԵԽԽՎ-ն այսուհետ Լեռնային Ղարաբաղը համարելու է Ադրբեջանի օկուպացված տարածք: Այսպիսի բան երբեք չի եղել; Սրա միակ պատասխանատուն իշխանությունն է: Սրանք Ղարաբաղը պահողը չեն, սրանք Ղարաբաղը ծախողն են, տվողն են, սրանք մեր պաշտպանունակությունը քանդում են, սրանք այնպես են անում, որ մեր երկիրը կորցնի դիմակայելու ռեսուրսը: Հովիկ Աբրահամյաններ, Սերժ Սարգսյաններ, մարտի 1-ով մեզ չվախեցնեք: Հլը որ ժողովուրդը կանգի ո՞ւր եք փախնելու, ո՞ր մկան ծակը»: Լևոն Զուրաբյանը վանաձորցիներին կոչ արեց գիտակցել իրենց շահը, ուժը և հոկտեմբերի 10-ին ու հոկտեմբերի 10-ից հետո պետք է միշտ ցույց տալ ժողովրդի ուժը. «Դե երբ ցույց տաք այդ ուժը, առաջինը բոլորս գոռալու ենք ` Սերժիկ հեռացիր»: