Արթուր Դավթյանի համար առաջնահերթ խնդիր է դատախազական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը
ПолитикаՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոստանում է անել ամեն ինչ՝ դատախազական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու ուղղությամբ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արթուր Դավթյանն ընդգծեց, որ դա իր համար առաջնահերթ խնդիր է: «Ես իմ ելույթներում բազմաթիվ անգամներ արդեն առիթ ունեցել եմ նշելու, որ համակարգի նկատմամբ վստահությունը բարձրացնելն առաջնահերթո ւթյուն է: Գիշերուզօր աշխատելու ենք սպասելիքներն արդարացնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ գլխավոր դատախազը:
Նա հավելեց, որ իր համար առաջնահերթություն են նաև դատախազության աշխատանքի հրապարակայնությունը, միասնական մոտեցումները, որոշումների կանխատեսելիությունը: Նրա խոսքով՝ իր խնդիրն է լինելու մասնագիտական դաշտում հանրությանը բացատրել, որ իրենց որոշումները կայացվում են բացառապես օրենքի շրջանակներում:
Հարցին՝ արդյոք իրավական հիմնավորումները թույլ են տալիս պնդել, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Իհարկե, եթե անձի նկատմամբ քրեական հետապնդումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով և ոչ թե պայմանավորված բացառապես նրա քաղաքական գործունեությամբ, դա արդեն նշանակում է, որ քաղբանտարկյալի մասին խոսք լինել չի կարող»:
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին քվեարկությամբ Արթուր Դավթյանին ընտրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում: Ազգային ժողովի 130 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 103-ը: Քվեաթերթիկներից 3-ը անվավեր են ճանաչվել: Արթուր Դավթյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 97, դեմ՝ 3 պատգամավոր: