Շիրակի մարզի 52 գյուղական համայնքներում ղեկավար են ընտրում
ПолитикаՇիրակի մարզի քաղաքային համայնքներից բացի, հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են մարզի 72 գյուղական համայնքում: Դրանցից 52-ում ընտրելու են համայնքի ղեկավար, 65-ում՝ ավագանու անդամների և համայնքի ղեկավար, իսկ 20-ում միայն ավագանու անդամների:
Մարզի 79 համայնքից միայն 5-ում՝ Նահապետավանում, Անուշավանում, Քարաբերդում, Արևիկում և Բասենում ընտրություններ չեն անցկացվի: Ի դեպ, համայնքների խոշորացման ծրագրի շրջանակում է, որ նախկին 119 համայնքի փոխարեն այսօր Շիրակում 79 համայնք է: Գյուղական համայնքներից առավել ակտիվ ընտրապայքար սպասվում է հենց այս՝ խոշորացված համայնքներում:
Մարզում գործող ամենամեծ թիվ 33 ԸԸՀ-ը կանոնակարգում է 63 ընտրական տեղամաս՝ Ախուրյանի տարածաշրջանի 17 և Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջանների այսպես կոչված «փնջային» խոշորացված 4 գյուղական համայնքի ընտրական գործընթաց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցթիվ 33 ԸԸՀ նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը, հենց այդ միավորված գյուղական համայնքներում պայքար կա։ «Անշուշտ, պայքար կա, բայց չի կարելի ասել՝ շատ թեժ, այլ նորմալ պայքար է: Ոչ մի ահազանգ այս պահին չենք ստացել, միակը կապված է տարիքով մեծ ընտրողների հետ, ովքեր ընտրատեղամաս էին եկել օգնողներով, բայց ես հրահանգեցի այլ ընտրողի օգնության դիմել»,- նշեց թիվ 33 ԸԸՀ նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը:
Արմենուհի Մխոյան