Վահան Բաբայանը Տիգրան Ուրիխանյանին հորդորել է հետ վերցնել հրաժարականի դիմումը
ПолитикаԱզգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը իրեն հայտնել է հրաժարականի դիմումը հետ վերցնելու մասին: Վահան Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հերքել է այդ լուրը:
«Այսօր մամուլում տեղեկություններ են տարածվել, թե իբր Տիգրան Ուրիխանյանը ինձ հայտնել է իր մանդատը հետ վերցնելու մտադրության մասին։ Ես զրուցել եմ իմ գործընկեր Տիգրան Ուրիխանյանի հետ և հորդորել նրան, որպեսզի նա մնա Ազգային ժողովում, իսկ այն տեղեկությունը, որը մամուլում է շրջանառվում է, ես լսում եմ մամուլից և համարում ապատեղեկատվություն»,- գրել է պատգամավորը:
Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հոկտեմբերի 3-ին պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Եթե պատգամավորը 15 օրվա ընթացքում հետ չվերցնի դիմումը, նրա հրաժարականը կհամարվի ընդունված: Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Տիգրան Ուրիխանյանը մտադիր է հետ վերցնել հրաժարականի դիմումը, ինչի մասին հայտնել է իր գործընկեր Վահան Բաբայանին: