Ա. Ռուստամյանը դրական կարծիք հայտնեց Գագիկ Ծառուկյանի վերադարձի վերաբերյալ
ПолитикаԱյսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցին, նշեց. «Նախ՝ ես չեմ բացառում, որ նման բան կկատարվի: Քաղաքականության մեջ որեւէ բան բացառել չի կարելի, Հարվարդ պետք չի ավարտել, որ հասկանաս, որ եթե չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը, միեւնույն է, զբաղվում է քեզնով, այն էլ այն ֆոնի վրա, երբ մենք գնում ենք փոփոխությունների, ու քաղաքական դաշտն ակտիվանում է: Մենք Գագիկ Ծառուկյանի հետ աշխատելու փորձ ունենք ու խնդիր չենք տեսնում»,- ասաց նա՝ հավելելով, որ պարոն Ծառուկյանի մոտեցումը՝ երկրում փոփոխությունների իրականացումն առանց արյունահեղության, ամենալավ մոտեցումն է:
«Քաղաքական այն տրամաբանությունը, որ ընթացքի մեջ է դրված Հայաստանում, շատերին է ստիպելու ակտիվանալ, որովհետեւ կողմ քաշվելը սխալ է, պիտի այնպես անել, որ այդ պրոցեսները, որ ընթանում են հիմա, դրական լինեն, արդյունք տան, մեր երկիրը դրա կարիքն ունի»,- ասաց Ա. Ռուստամյանը:
Այն հարցին, թե քաղաքական դաշտն ունի՞ Ծառուկյանի կարիքը, Ռուստամյանը պատասխանեց հետեւյալ կերպ. «Նրա կարիքն ունի շրջապատը, այն մարդիկ, ում նա բարեգործությամբ փորձում է օգնել»:
Նա նաեւ հավելեց, որ իրականում զարմանալու որեւէ բան չկա, քանի որ Հայաստանում շատ ծալած էջեր են բացվել: