Հերիք է ժողովրդի հոգու լարերի հետ խաղան. Ա. Ախոյան
ПолитикаՑավոք սրտի այնպիսի խնդիրներ էին կուտակվել երկրի, իշխանությունների ու կառավարության շուրջ, որոնք պարզապես առանց կտրուկ փոփոխությունների անհնար էր լուծել: Բնականաբար, այդ ընթացքում ակտիվանում են տարբեր ուժեր ու մարդիկ, որոնց թվում է, որ գործելու իսկական պահն է: Տեսանք, թե վերջերս քանի կուսակցություն բացվեց ու քանի մարդ հայտարարեց իրենց ընդդիմադիր լինելու մասին: Այսպես արձագանքեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը՝ խոսելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի՝ ընդդիմադիր ուժ դառնալու մասին:
Իչպես նշեց պատգամավորը, պարոն Դալլաքյանը բավական լուրջ մարդ է, սակայն «ժողովուրդը հոգնել է»:
«Մեզ պետք են կոնկրետ ծրագրեր, կոնկրետ փոփություններ, որն արդեն իսկ սկսել է ներկայիս վարչապետը: Ի դեպ, այդ անձին ժողովուրդը հավատում է, նրա շուրջ կարելի է հավաքվել ու փորձել հավատալ այն ուտոպիստական երեւակայությանը, որ մեր երկրում ամեն ինչ շտկվելու է, այսինքն` օրենքը բոլորի համար լինելու է հավասար, նույնը վերաբերում է բիզնես ոլորտին: Եկեք հավատանք դրան ու դա կլինի»,- ասաց նա:
«Գիտեք, սա փոքր երկիր է, ու բոլորն ունեն անցած ճանապարհ, բոլորն էլ գիտեն ու տեսել են այդ ճանապարհը: Հերիք է ժողովրդի հոգու լարերի հետ խաղան: Ժողովուրդը բոլորից խելացի է ու դաժան քննադատ, այնպես որ, ժողովրդի դատաստանից հեռու: Պետք է ավելի նուրբ լինել ու չփորձել որեւէ մեկին հիմարի տեղ դնել: Մեր ժողովուրդը միայն մեկ թերություն ունի` չի կարողանում ընտրությունների օրերին ճիշտ ընտրություն կատարել»,- ասաց Ա. Ախոյանը: