ՀՅԴ-ն կողմ կքվեարկի
ПолитикаԱյսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում էր բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը, որի ժամանակ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Դաշնակցության համար սա սկզբունքային հարց է: Դաշնակցական տեսաբաններից Միքայել Վարանդյանը ժամանակին` դեռ 1910-ին, հրապարակել է մի աշխատություն, որում ասում է, որ, վերլուծելով հայ ժողովրդի վիճակը, որը շրջապատված է թշնամիներով, հանգել է եզրակացության, թե ինչպես պետք է հայ ժողովուրդը, հույսը իր վրա դնելով, կառուցի իր պաշտպանությունը: Դա նույն գաղափարն է, միայն թե նա այն անվանել է համաժողովրդական բանակ` հիմնավորելով, որ հայ ժողովուրդն այլ ճանապարհ չունի: Սա մի հայեցակարգ է, որ ցանկացած հայ ցանկացած պահի պետք է լինի կա՛մ բանակի շինարար, կա՛մ բանակի զինվոր»,- ասաց հավելելով, թե բոլոր այն քննադատությունները, որոնք հնչում են մարդկանց կողմից, ովքեր ընդունում են գաղափարը, բայց ասում են, որ շտկումներ են պետք, ողջունելի է:
«Բայց բոլոր նրանք, ովքեր մերժում են գաղափարը, երեւի լավ չեն հասկացել, թե մենք ինչ միջավայրում ենք ապրում ու ինչ մարտահրավերներ պետք է ազգովի հաղթահարենք»,- ասաց նա: Պատգամավորի խոսքով` եկել է ռեսուրսները մոբիլիզացնելու, մեկ բռունցք դառնալու պահը:
«Այո՛, թշնամու ջրաղացին պետք չէ ջուր լցնել, պառակտող բաներ ասել: Նա այս գաղափարից սարսափելու է, հենց տեսնի, որ հայ ժողովուրդը համախմբվել է իր սրբության սրբոցի` բանակի շուրջ»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հայտնելով, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու օրինագծին: