ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում ԿԺԴՀ նորանշանակ դեսպանին
ПолитикаՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության նորանշանակ դեսպան Կիմ Հեն Ջունին (նստավայրը Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալ Պապիկյանը հաջողություն է մաղթել Կիմ Հեն Ջունին իր առաքելության իրականացման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը նշել է, որ ԿԺԴՀ-ն ցանկանում է Հայաստանի հետ զարգացնել հարաբերությունները, մասնավորապես, առևտրատնտեսական, մշակութային և սպորտի բնագավառներում:
Դեսպանը նախարարի տեղակալին նաև ներկայացրել է իրադրությունը Կորեական թերակղզում, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումներն ու հիմնահարցի լուծման հեռանկարները: Նախարարի տեղակալը դեսպանին ներկայացրել է ՀՀ սկզբունքային դիրքորոշումը, որ բոլոր հակամարտություններն ու առկա հիմնախնդիրները պետք լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ: