Ալան Միլն տպավորիչ է համարում ՀՀ-ի առաջընթացը դեպի խորհրդարանական ժողովրդավարություն
ПолитикаԻնչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին՝ Հայաստանի հետ համագործակցության եւ մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ գործադրած ջանքերի համար:
ԱԺ նախագահի տեղակալը հյուրերին ներկայացրել է սահմանադրական փոփոխություններին հաջորդող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես Ընտրական օրենսգրքի քննարկման եւ ընդունման ընթացակարգերը` նշելով, որ օրենքի նախագծում հաշվի են առնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ինչպես նաեւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ու հանձնարարականները: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ 4+4+4 ձեւաչափով համագործակցության արդյունքում քաղաքական ուժերի միջեւ հիմնական խնդրահարույց հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ շրջանառության մեջ դրված մի շարք օրենքների նախագծերին, ինչպես նաեւ 2017թ. ընթացքում մի շարք օրենքների ընդունման, փոփոխման կամ լրացման վերջնաժամկետներին: Այս համատեքստում Հերմինե Նաղդալյանը խոսել է «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ եւ ընդգծել, որ նախագիծը խորությամբ քննարկվում է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ:
Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների 2015-2018թթ. ծրագրի լիարժեք իրականացումը եւ հավելել, որ ծրագրում ընդգրկված նախագծերն ուղղակի կերպով կամ անուղղակիորեն առնչվում են Հայաստանի պարտավորություններին:
ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրերին մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերին Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ` նշելով, որ դրանք եղել են ժողովրդավարական եւ մրցակցային:
Անդրադառնալով ԵԽ անդամ պետությունների միջեւ հակամարտությունների հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեությանը` հայկական պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ ենթահանձնաժողովը պետք է գործի ամենայն զգուշությամբ եւ նրբանկատորեն: Նրա համոզմամբ` համազեկուցողներն այս հարցում պետք է ունենան իրենց ներդրումը:
Ալան Միլը ողջունել է Հայաստանում իրականացված բարեփոխումները եւ դրա արդյունքում քաղաքական դաշտում ստեղծված ներդաշնակությունը:
Քննարկվել է Հայաստանի՝ մոնիթորինգային ընթացակարգից հետմոնիթորինգային ընթացակարգի անցման հնարավորության հարցը: Ալան Միլը վստահություն է հայտնել, որ միջանկյալ եւ վերջնական հաշվետվություններում իրենք կնախանշեն այն բոլոր ընթացակարգերը եւ նախապայմանները, որոնք անհրաժեշտ են Հայաստանին` հետմոնիթորինգային ընթացակարգին անցնելու համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող քայլերին: