Գագիկ Բեգլարյանը վստահեցնում է, որ որևէ մեկից նեղացած չէ նոր կառավարության կազմում չլինելու համար
ПолитикаՀայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը վստահեցնում է, որ նեղացած չէ որևէ մեկից՝ վարչապետ Կարեն Կարապետյանի ձևավորած կառավարության մեջ տեղ չգտնելու համար: «Մենք բոլորի աշխատանքներին հետևում ենք, հաջողություն մաղթում, թող նրանցից բոլորը հաջողության հասնեն մեր չափ: Նեղանալը տղամարդու գործ չէ»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց բեգլարյանը:
Հարցին՝ արդյո՞ք հավակնում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնին, որը նախկինում ինքն էր զբաղեցնում, պատասխանեց. «Մեզ մոտ ամեն ինչ որոշում է կուսակցությունը»:
Դիտարկմանը՝ ինչպես է վերաբերում Կարեն Կարապետյանի հայտարարությանն այն մասին, որ կառավարությունում պետք է վերջ դրվի գողություններին, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց, որ Կարեն Կարապետյանն իրեն նկատի չի ունեցել:
Անդրադառնալով հարցին՝ Հյուսիս-հարավ ճանապարհի մասով չարաշահումներ կա՞ն, քրգործերի վերաբերյալ ինքը ծանուցում ստացե՞լ է, Բեգլայանը պատասխանեց. «Նոր նախարարն էլ հայտարարեց, որ Կառավարության կողմից երբեք չարաշահումներ չեն եղել, եթե լիներ չարաշահում, ապա կառավարությունը մայրուղու շինարարությունն իրականացնող իսպանական ընկերությունից բյուջե հետգանձում չէր անի»:
Բեգլարյանը վստահեցրեց, որ առաջիկա ընտրություններին ընդառաջ ինքը շարունակելու է աջակցել ՀՀԿ-ին: «Մենք բոլորս քաղաքականության մեջ ենք, եթե ես նույն եռանդով չպետք է աշխատեի, ի՞նչ է նշանակում, որ ես ամեն անգամ պաշտոնի համար եմ անում»,- ասաց նա և շեշտեց, թե ինքը նոր պաշտոնի ակնկալիք չունի, իսկ առաջարկները ՀՀԿ-ում ընդհանուր են քննարկվում:
Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ այս պահին որևէ գործով չի զբաղվում, հանգստանում է: