Սամվել Նիկոյանն ամփոփեց ՀՀԿ համագումարի առաջին մասը
ПолитикаՀայաստանի Հանրապետական կուսակցության համագումարին մասնակցում է 1712 պատվիրակ, հրավիրված է և մասնակցում է 13 կուսակցությունների ներկայացուցիչ, ինչպես նաև 60 հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և 220 հյուրեր: ՀՀԿ համագումարի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նի կոյանը: «Համագումարի ընթացքում հնչել է մեր միջազգային գործընկեր կուսակցությունների ուղերձները: Եղան «Միացյալ Ռուսաստան» կուսակցության առաջնորդ, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի և Չինաստանի կոմունիստական կուսակցության ուղերձները: Բոլոր այս կուսակցությունների հետ մենք աշխատանքային, կառուցողական հարաբերությունների մեջ ենք»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Նիկոյանը:
Նա հավելեց, որ համագումարի ընթացքում հնչած ելույթներից ամենակարևորը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն էր, որում անդրադարձ է եղել հանրային կյանքի բոլոր ոլորտներին՝ սկսած կուսակցական աշխատանքների կազմակերպման և արդյունավետության, կուսակցական վարքագծի ձևավորումից, վերջացրած արտաքին հարաբերություններով, ԼՂ հարցով, որոնք ժողովրդի և պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրներն են: «Իր ելույթում ՀՀ Նախագահն անդրադարձավ երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, երկրի տնտեսության մեջ առկա ձեռքբերումներին, թվերով համեմատեց միջին աշխատավարձը 10 տարի առաջ և այժմ, թոշակների չափերը: Նա անդրադարձավ այն մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր երկրի տնտեսության առջև, ինչպես նաև դրանց դիմակայելու առաջնահերթությանը»,- ասաց Սամվել Նիկոյանը:
Նիկոյանը կարևորում է այն հանգամանքը, որ ՀՀ Նախագահը հստակորեն արձանագրել է, որ ՀՀԿ-ն վճռական է սատարել վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությանը: «Նախագահը հստակ սահմանեց, որ եթե մեր կուսակցությունը հաջողություն արձանագրի 2017թ. խորհրդարանական ընտրություններում, ապա մեր վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը: Սա կարևոր ուղերձ է, որպեսզի վերջ դրվեն մամուլում և հասարակության մեջ շրջանառվող տեսակետը, թե Կարեն Կարապետյանը 6 ամսվա վարչապետ է: Կարեն Կարապետյանի և Հանրապետականի հարաբերությունները միտված են ապագային և լինելու են շարունակական»,- ընդգծեց պատգամավորը:
Սամվել Նիկոյանը ՀՀ Նախագահի ելույթից առանձնացնում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հատվածը: «Շատ հստակ ասվեց, որ մեր դիրքորոշումը լինելու է հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծումը, բայց հստակ է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանություններն առիթը բաց չեն թողնում ռազմատենչ հայտարարություններ կատարելու համար և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ ուժի դիրքերից խոսելու համար: Շատ հստակ է մեր պետության դիրքորոշումը, որ հակամարտության ռազմական լուծում չկա, իսկ եթե Ադրբեջանը փորձ անի սկ սել այն, ինչ եղավ ապրիլյան պատերազմի օրերին, դատապարտված է լինելու: Շատ հստակ ամրագրվեց, որ մեզ համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, իսկ մնացած հարցերն ածանցյալ են, իսկ ադրբեջանցիները շատ հաճախ խոսում են միայն ածանցյալ հարցերի մասին»,- մանրամասնեց Սամվել Նիկոյանը:
Նա կարևորեց նաև ՀՀ Նախագահի կողմից նորանշանակ պաշտպանության նախարարին տրված հանձնարարականներն այն մասին, որ հարկավոր է շատ մեծ ուշադրություն դարձնել այն ոլորտների վրա, որտեղ հասարակության շրջանում դժգոհություններ կան: «Խոսքը գնումների, ռազմաբժշկական և ռազմական ուսուցման ոլորտների մասին է»,- եզրափակեց Սամվել Նիկոյանը: