ՀՀԿ-ն համագումարի արդյունքներով ընդունեց բանաձեւ
ПолитикаՀայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում ընդունվեց կուսակցության բանաձեւը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` բանաձեւը ներկայացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «ՀՀԿ-ն շարունակում է հետեւողական աշխատանքով, քայլ առ քայլ ամրապնդել կուսակցական բարդ եւ բազմաշերտ համակարգը: Շարունակական ջանքեր են ներդրվում կուսակցական մեխանիզմի արդյունավետության բարձրացման եւ արդիականացման ուղղությամբ»,-ներկայացնելով բանաձեւն՝ ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ ավելացել է կուսակցության սկզբնական կազմակերպությունների քանակը, ընդարձակվել են կուսակցության կապերն արտաքին աշխարհում, հիմնադրվել է եւ իր գործունեությունն է սկսել Անդրանիկ Մարգարյանի անունը կրող Հայաստանում առաջին կուսակցական-քաղաքական դպրոցը:
ՀՀԿ փոխնախագահի խոսքով` 2016-2018 թվականները լինելու են խիստ կարեւոր ՀՀ սահմանադրության անցումային դրույթները արդյունավետորեն կյանքի կոչելու տեսանկյունից: Հանրապետականը պատրաստ է հստակ առաքելություն ստանձնել այս անցումային շրջանում, որպեսզի այն լինի հնարավորինս կայուն, սահուն եւ անցնցում: «Մեզ հաջողվել է զարգացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք զսպանակի նման աշխատելով կարողանում են լրջորեն մեղմել արտաքին աշխարհից եկող ուժեղ բացասական ազդակները եւ չթողնել, որ դրանք վատթարացնեն մարդկանց եւ ընտանիքների կյանքը: Վերանայելով մեր առաջնահերթությունները, սահմանափակելով ծախսերն ու ընդունելով պահպանողական բյուջե՝ կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը, հիմք դնել տնտեսական կայուն աճին»,-ասաց նա:
Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ Հայաստանը միջազգային հարաբերություններում շարունակում է հանդես գալ որպես պատասխանատու, հավասարակշռված, կանխատեսելի եւ վստահելի երկիր: «Մեր արտաքին քաղաքականութան նպատակն ու միջազգային հարաբերություններում մեր ներգրավվածության բանաձեւը մեր գործընկերների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումն է, աշխարհում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը»,-ասաց նա՝ հավելելով, որ կուսակցության դիրքորոշումն անփոփոխ է. ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ : «Այսօր ՀՀ ԶՈՒ ռազմատեխնիկական տեխնոլոգիական եւ կադրային արդիականացման միջոցով մենք ձեւավորում ենք ժամանակակից բանակ: Վերջին շրջանում արդեն իսկ լրջորեն փոխվել է մեր բանակի դիմագիծն ու զինանոցը: Վստահ եղեք, որ մեր բանակի արդիականացման համար մենք ոչինչ չենք խնայելու: Մեր համընդհանուր նպատակադրումը հստակ է. Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում եւ առաջ գնացող Հայաստանի շուրջ համայն հայության միավորում»,-ասաց Աշոտյանը:
Նա եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Հանրապետական կուսակցությունը համագործակցության համար բաց է բոլոր շահագրգիռ ու հայրենասեր ուժերի եւ անհատների համար եւ պատրաստ է աշխատել յուրաքանչյուրի հետ, ով ցանկանում է քարը դնել քարի վրա` մեր ընդհանուր տունը շենացնելու համար:
«Համախմբելով մեր ժողովրդի մարդկային ներուժը եւ ինտելեկտուալ կարողությունները՝ մենք միասին ենք հաղթահարելու առկա դժվարությունները, որպեսզի հաղթեն հայն ու Հայաստանը: Հայաստանը հաղթելու է»,-խոսքն ավարտեց Արմեն Աշոտյանը: