Սամվել Ֆարմանյանը Հայաստանում սոցիալ-տնտեսական, քաղաքական, համակարգային փոփոխություններին այլընտրանք չի տեսնում
ПолитикаՀՀԿ գործադիր մարմնի նորընտիր անդամ Սամվել Ֆարմանյանը շարունակելու է անել այն, ինչ արել է մինչ օրս գործադիր մարմնի շրջանակներում:
Նա բարձրաձայնելու է հասարակությանը հուզող այն խնդիրները, որոնց վերաբերյալ իր տեսակետն ունի: Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Սամվել Ֆարմանյանն` անդրադառնալով ՀՀԿ գործադիր մարմնում տեղի ունեցած փոփոխություններին:
«Հանրապետությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական խնդիրների, բարոյահոգեբանական հարցերի, այլև՝ արտաքին մարտահրավերների դեմ պայքարելու խնդիր ունի: Նոր Սահմանադրության ընդունմամբ բոլորիս համար ակնհայտ է, որ քաղաքական համակարգը ձևափոխվում է, քաղաքական կուսակցություններն ավելի մեծ պարտավորություն են ստանձնում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է իշխող կուսակցությանը:
Դա նշանակում է, որ մենք, որպես իշխանության համար պատասխանատու քաղաքական մեծամասնություն, գնահատելով իրավիճակը, վերագնահատելով մեր գործունեությունը, պետք է քայլենք առաջ` նվազեցնելու այդ սպառնալիքները»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:
Լրագրողների այն հարցին, թե հանրությունը առաջիկայում ռեալ փոփոխություններ կտեսնի՞, պատգամավորը նշեց, որ ՀՀ-ում ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև՝ քաղաքական, համակարգային փոփոխություններն այլընտրանք չունեն: Դա ժամանակի թելադրանքն է և իշխանության պարտականությունն է ընդառաջ գնալ այդ թելադրանքին և արդյունավետորեն դա իրականացնել: