ԲՀԿ խորհրդի ամենակարևոր հարցը Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալն էր. Էնֆիաջյան
Политика«Բարգավաճ Հայաստան» կուսակցության` դեկտեմբերի 3-ին կայացած քաղաքական խորհրդի նիստի ժամանակ քննարկված ամենակարևոր հարցերից մեկը եղել է կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը։ Այս մասին դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։ Արմենպրեսի հաղորդմամբ` նա, խոսելով այն մասին, որ Ծառուկյանի տան առջև օրերս քաղաքացիներ են հավաքվել և պահանջել են Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, նշեց.«Ժողովուրդը խնդրել է, որ նա վերադառնա ակտիվ քաղաքականություն: Ինքս էլ իմ գործընկերների հետ քաղաքական խորհրդի նիստի ավարտից հետո գնացել եմ, մասնակցել եմ այդ հավաքին: Մասնակցել է նաև Գագիկ Ծառուկյանը: Քաղաքացիների հետ շփվելով՝ նա իր մոտեցումներն է ներկայացրել, իր խոսքն է ասել, որ առաջիկա օրերին, անձամբ վերլուծելով ստեղծված իրավիճակը, հասարակական պահանջը, սեփական հ այտարարությամբ հանդես կգա»:
Էնֆիաջյանի խոսքով` այդ հավաքից հետո քաղաքական խորհրդի որոշ ներկայացուցիչներ, ԱԺ ԲԿՀ խմբակցության որոշ պատգամավորներ առանձնազրույց են ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ։ Հանդիպման ժամանակ ներկայացվել է քաղաքական խորհրդի որոշումը և այն հորդորը, որ ցանկանում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում նրա ներգրավումը՝ կուսակցության ղեկավարի կարգավիճակով: «Քննարկել ենք նաև տարաբնույթ հարցեր՝ կապված ստեղծված տնտեսական իրավիճակի հետ, ներկայիս զարգացումների հետ: Չեմ ուզում շտապողականություն դրսևորել: Իմ կարծիքով` Գագիկ Ծառուկյանը այն անհատականությունն է, ով միշտ եղել է հասարակության և ժողովրդի հետ ու տեսնելով հասարակական, քաղաքական պահանջվածությունը, նրա որոշումը պետք է դրական լինի»,-ասաց ԲԿՀ խմբակցության քարտուղարը։
Խոսելով ԲՀԿ նիստի արդյունքների մասին` նա ասաց, որ խորհրդի օրակարգում եղել են կուսակցության ներքին կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ հարցեր։
«Այսօրվանից սկսած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչները, ԲՀԿ խմբակցության պատգամավորները, ավագանու ներկայացուցիչները, տարածքային կառույցի ղեկավարները լինելու են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում, գյուղական համայնքներում։ Նրանք շփվելու են ոչ միայն կուսակցության ներկայացուցիչների հետ, այլև առհասարակ մեր երկրի քաղաքացիների հետ, լսելու են նրանց կարծիքը, նրանց ծրագրերը և առաջարկությունները: Առաջիկայում մենք հավաքելու ենք բոլորի կողմից հավաքագրած տպավորությունները, կարծիքները և ներկայացնելու ենք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որպես Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագրեր և օրակարգային հարցեր»,-պարզաբանեց Էնֆիաջյանը:
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը։ Ներկա են եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչները, տարածքային կառույցի ղեկավարները, խորհրդի անդամները, ակտիվի հիմնական ներկայացուցիչները և կուսակցության ստորաբաժանման ներկայացուցիչները։