Չնայած այն հանգամանքին, որ Եռյակի քաղաքական ուժերից Ժառանգությունը ակնհայտ արևմտյան կողմնորոշում ունի և դեմ է արտահայտվում Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը՝ նույն Եռյակի միտինգին բավականին անտակտ ձևով ժառանգականների համար վիրավորական հայտարարություն արեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ՄՄ-ին ՀՀ անդամակցությունը համարելով անշրջելի, իսկ դրան դեմ հանդիսացող սկզբունքային արևմտամետներին անվանեց «երկու-երեք տասնյակ ջղաձգվողներ»: Հասկանալի է, որ 20-30 ջղաձգվողները հիմնականում ժառանգականներն են, որոնք անկախ ամեն ինչից՝ երբեք չեն թաքցրել, որ ընդգծված արևմտամետ են և արևմտամետության հարցում միշտ եղել են սկզբունքային: Իսկ սկզբունքայնության նշույլներն, ինչպես արդեն ասել եմ, «4 – 1 – 1 - ...» միավորմանը հակացուցված է, և ՀՅԴ-ի դեպքում մենք դա տեսանք:
ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի դեպքում գաղափարախոսության և սկզբունքայնության կարիք ընդհանրապես չկա էլ, կա միայն շահ: Նրանք հարմարվում են իրավիճակին և ունեն նպատակ՝ կրկին հասնել իշխանության, ծաղկել, բարգավաճել, հարստանալ: Այս ճանապարհին սկզբունքայնություն խաղացնողները պարզապես ավելորդ են, կոպիտ ասած՝ «ոտի տակ են ընկնում», հետևաբար նրանցից աստիճանաբար ազատվելու խնդիր է առաջնում: Ամսի 10-ի հանրահավաքին Ծառուկյանի ու ԼՏՊ-ի կողմից արվեց ևս մեկ բավականին անտակտ քայլ «ջղաձգվողների» առաջնորդի նկատմամբ, երբ 10 հազարից ավելի ցուցարարների ներկայությամբ Րաֆֆի Հովհաննիսյանին արժանացրեցին արհամարհանքի, ինչի մասին խոսել եմ նախորդ հոդվածում:
Արդեն ուրվագծվող երկյակի լիդերները թե իրենց արհամարհական պահվածքով, թե առաջին նախագահի բավական գռեհիկ արտահայտությամբ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղակի մեսիջ հղեցին՝ դու մեզ հետ անելիք չունես: Այսինքն՝ այս ամբողջ խարդավանքի իմաստը Տեր-Պետրոսյանի կողմից ԲՀԿ-ի հետ մերձենալն էր, ինչը հաջողությամբ իրականացնելուց հետո այլևս Րաֆֆին գլխացավանք է և պետք է հեռացնել ճանապարհից...
Այսքանից հետո միայն կարելի է ենթադրել, թե ինչ կորոշի անել «Ժառանգությունը»: Հաշվի առնելով, որ արևմտամետության հարցում նրանք ցուցաբերեցին սկզբունքայնություն, ինչի պատճառով ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի կողմից արժանացան անհարգալից վերաբերմունքի՝ չի բացառվում, որ նրանց հաջորդ քայլը կլինի սկզբունքային:
Կամ ժառանգականները պետք է սպասեն այնքան, որ իրենց դեմքին Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը դուռը շրխկացնեն ուղղակիորեն, կամ էլ պետք է հեռանան արժանապատիվ կերպով՝ փորձելով ձևավորել նոր՝ արևմտամետ ուժերի ալյանս:
Եվ վերջում, Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ մի էժանագին և ծիծաղ առաջացնող միտք ասաց՝ թե ՀՅԴ-ին փոխարինեց ՀԺԿ-ն: Հետաքրքիր է, իսկ հաջորդ «- 1»- ի ժամանակ ո՞ր մի 1-2 անդամ ունեցող «գրպանային» կուսակցության անունն է նշելու ԼՏՊ-ն՝ որպես փոխարինող:
Կարեն Վարդանյան