Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը պետք է լինի կառավարության ուղեղային կենտրոնը. Խոսրով Հարությունյան
Политика<<Հանրապետական>> խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը առողջ գաղափար է համարում: «Ըստ էության, այն պետք է լինի կառավարության ուղեղային կենտրոնը, որտեղ կքննարկեն ամենատարբեր ծրագրեր, խնդիրներ, երբեմն նույնիսկ առաջին հայացքից ցնորամիտ ծրագրեր, դրանք շատ օգտակար են»,-Tert.am-ի հետ զրույցում նա ասաց նախկին վարչապետը՝ հավելելով, որ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նպատակն է, ըստ էության, խորհրդատվական ծառայություն մատուցել կառավարությանը:
«Այսինքն՝ նրանց մշակումների արդյունքում կձևավորվեն գաղափարներ, որոնք վարչապետը կարող է օգտագործել և կարող է չօգտագործել, դա իր իրավունքն է, բայց այդ կենտրոնի հիմնական առաքելությունը խորհրդատվական ծառայություն մատուցելու կարողությունն է»,-ասաց նա և ընդգծեց, թե կախված է նաև այն հանգամանքից, թե որքանով վարչապետը կկարևորի այդ խորհուրդը, որքանով ինքը կարիք կունենա խորհրդատվության:
Ինչ վերաբերում է կենտրոնի շրջանակներում նախկին վարչապետների հետ նախատեսվող հանդիպմանը, Խոսրով Հարությունյանն ասաց, որ թեև այդ առումով դեռ քննարկում չի եղել, բայց ինքն անձամբ որոշ ոլորտներում ունի առաջարկներ, թե ինչ կարելի է անել, սակայն որքանով դրանք ընդունելի կլինեն՝ չի կարող ասել: «Շատ էական է գործող վարչապետի դիրքորոշումը, որքանով է նրա համար խորհրդատվական տիպի այս կամ այն կառույցը պահանջարկված»,-ասաց նա և նշեց, որ Կարեն Կարապետյանը շատ է կարևորում այն, ինչի արդյունքում այդ կենտրոնի նկատմամբ պահանջները մեծ կլինեն և ավելի արդյունավետ կարող է գործել:
Անդրադառնալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ստեղծած նախկին վարչապետների ակումբին, Խոսրով Հարությունյանն ասաց, որ այդ ակումբի արդյունքը իրենից չէ, որ պետք է հարցնել:
«Այդ ակումբի կարիքը պետք է ունենար գործող վարչապետը: Մեկ թե երկու հանդիպում է եղել այդ ընթացքում, և պետք է ենթադրել, որ կա՛մ գործող վարչապետն այլևս այդ ակումբի կարիքը չուներ, միգուցե այլ խորհրդատուներ ուներ, կա՛մ միգուցե այդ ակումբն իր սպասելիքները չարդարացրեց: Բայց, կրկնում եմ, նման դեպքերում խնդրի տանողը գործող վարչապետն է, որովհետև նրան է դա պետք, օրինակ, այդ ակումբն ինձ պետք չէր»,- ասաց նա: