Եվրամիության ներկայացուցիչներն անդրադարձել են թուրք-հունական հարաբերությունների վերջին զարգացումներին
Международные новостиԵվրոպական միության հանձնաժողովի գլխավոր խոսնակ Մարգարիտիս Շինասը անդրադարձել է Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի կողմից թուրք-հունական ջրային սահմանագծին գտնվող Քարդաք կղզու շրջակայք կատարած անակնկալ այցին:
Այս մասին hայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
ԵՄ խոսնակն, անդրադառնալով այդ դեպքին, շեշտել է, որ բարիդրացիական հարաբերությունները կարևոր չափանիշ են ԵՄ-ին ինտեգրման համար:
Մեկ այլ խոսնակ Մայա Կոչիյանչիչը հիշեցրել է, որ նախկինում ևս թուրք-հունական հարաբերություններում առաջացած լարվածությունը զսպելուն ուղղված հայտարարություններ են արվել, որոնք շարունակում են ուժի մեջ մնալ:
Հունվարի 29-ին Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը Թուրքիայի ռազմածովային հրամանատարությանը պատկանող նավերում վերահսկիչ ուսումնասիրություն կատարելուց հետո ռազմանավով այցելել և դիտարկումներ է կատարել թուրք-հունական ջրային սահմանագծին գտնվող Քարդաք կղզու շրջակայքում, ինչը երկու երկրների լարված հարաբերությունների ֆոնին խոհրդանշական ենթատեքստ է պարունակում:
2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած Հեղաշրջման փորձից հետո ուղղաթիռով Հունաստան էին փախել 8 թուրք զինվորականներ, որոնք Թուրքիայում մեղադրվում են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ, և Թուրքիան Հունաստանից պահանջում է զինվորականներին հանձնել թուրքական արդարադատությանը, իսկ Աթենքը մերժել է այդ պահանջը, ինչը հիմք է հանդիսացել երկու երկրների հարաբերությունների լարման համար: