Ռումինիայում բողոքի ակցիաներին մասնակցում է 300 հազար մարդ
Международные новостиՌումինիայում հակակառավարական ցույցերի մասնակիցների թիվը հասել է 300 հազարի, հաղորդում է Digi24 հեռուստաալիքը։
Մայրաքաղաք Բուխարեստում անցած գիշեր կառավարության շենքի առջեւ հավաքված ցուցարարների թիվը 150 հազարի է հասել, տասնյակ հազարավոր մարդ բողոքի ակցիաներին է մասնակցում երկրի խոշոր քաղաքներում։
Ցուցարարները իրենց հետ բերել են կառավարության անդամների խրտվիլակները՝ բանտային հագուստով, ինչպես նաեւ պաստառներ, որոնց վրա գրված է. «Ռումինիա, արթնացի՛ր», «Ո՛չ կոռուպցիային», «Ընդվզում՝ հանուն իմ ապագայի»։
Ռումինիայի տասնյակ քաղաքներում այս օրերին բողոքի բազմահազարանոց ակցիաներ են տեղի ունենում։ Դրանց սատարելու մասին է հայտարարել նաեւ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը։ Ցուցարարները հայտարարում են, թե կառավարությունը ցանկանում է փոխել Քրեական օրենսգիրքը՝ կոռուպցիայի մեջ ներքաշվածներին թույլ տալով խուսափել պատասխանատվությունից։