Արագած Ախոյանը պատրաստ է լինել Արագածոտնի «գաղթականների» պատգամավորը
ПолитикаՆախկին ԲՀԿ-ականներ Արագած Ախոյանն ու Բազմասեր Առաքելյանը հայտարարել են Արագածոտնի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ընտրություններին մասնակցելու առաջարկ ստանալու մասին: Նշենք, որ ՀՀԿ-ն դեռ չի հրապարակել ռեյտինգային ցուցակները:
«Գտնում եմ, որ կունենամ մեծ հաջողություն, ինչո՞ւ, որովհետև կա աշխատած, կա ապրած, կան մոտեցումներ: Եվ մի հասարակական գործառույթ. այս տարածաշրջանում ապրող ժողովուրդների 70 տոկոսը գաղթականներ են, ճիշտ հասկանալով և իմ՝ խորհրդարանում լինելու անհրաժեշտության մասին իմանալով, կարծում եմ, խնդիր չենք ունենալու»,- Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Ախոյանը:
Ժամանակ առաջ մամուլում տեղեկություններ կային, որ շինարարության բիզնեսով զբաղվող Արագած Ախոյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, և այդ պատճառով, որ հնարավոր է չմասնակցի ընտրություններին: Նշվածի հետ կապված Tert.am-ի հարցին վերջինս պատասխանեց. «Իհարկե, տնտեսության այսօրվա վիճակը բոլորի դուռն է թակել, բայց խորհրդարանական ընտրությունները ֆինանսական ուժի միջոցով չեն լուծվելու: Ժողովուրդը ավելի խելացի ա, քան մենք պատկերացնում ենք, և իրանք կորոշեն՝ ումից ֆինանս վերցնի, եթե կա էդպիսին»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ընտրարշավի հետ կապված ծախսերը պատրաստ է իրականացնել. «Դրանք ծախսեր են, որոնք կլինեն, կարծում եմ, մենք էդ հնարավորությունը ունենք: Կարող ենք ապահովել մեր և՛ քարոզարշավը, և՛ ընտրություններին վերաբերող ծախսերը»: