ՀՀԿ պատգամավորը կանխատեսում է ակտիվ նախընտրական քարոզարշավ
ПолитикаԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը բավական ակտիվ նախընտրական քարոզարշավ է կանխատեսում: «Մենք հստակ ժամկետի մեջ մեր բոլոր քննարկումները եւ գործընթացները կկազմակերպենք, որից հետո կտեղեկացնենք հանրությանը ՀՀԿ ցուցակի, նախընտրական շտաբի ղեկավարի, մեր մոտեցումների եւ որդեգրած մարտավարության մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Պատգամավորը տեղեկացրեց, որ Հանրապետական կուսակցությունն առաջիկա ընտրություններին մասնակցելու է առանձին, որեւէ դաշինք կազմելու մտադրություն չունի: «Ամենակարեւորը, որ այն առաջ քաշած ծրագրերը, որոնք հնչելու են նախընտրական շրջանում, եւ որոնք ժողովրդին ներկայացնելու ենք առաջիկա առնվազն հինգ տարվա համար, ընդունելի են մեր գործընկերների համար: Ամեն ինչ անում ենք, որպեսզի ընտրություններն ընթանան օրենքին համապատասխան: Վստահ եմ՝ քարոզարշավի ընթացքում նույնիսկ ընթացքին հետեւելու ժամանակ չի լինելու»,-նշեց Հովհաննես Սահակյանը:
Նրա կարծիքով՝ առաջիկա ընտրությունների օրը կփոխվի, եթե Սահմանադրական դատարանը համապատասխան որոշում կայացնի: «Խնդիրն ունի երկու ուղղություն՝ իրավական եւ բարոյական: Օրը հնարավոր կլինի փոխել, եթե ընտրությունների մասնակիցները վերջնական գրանցվեն, պարզ լինի, թե որ քաղաքական ուժերն են մասնակցելու: Դրանից հետո միայն միասին կոնսենսուսի գալու դեպքում հնարավոր կլինի փոխել, խնդիր չեմ տեսնում: Ինչ վերաբերում է խորհրդարանում կազմակերպված ստորագրահավաքին, երեկվա դրությամբ 15-16 ստորագրություն կար՝ այս հարցով Սահմանադրական դատարան դիմելու նպատակով: Հարցը տարբեր տեսանկյուններից է դիտարկվում, մասնագետներ կան, որ կողմ են օրվա փոփոխությանը, մասնագետներ կան, որ ոչ: Կարծում եմ՝ լավագույն ճանապարհը հենց Սահմանադրական դատարանն է: Եթե այն որոշի, որ կա հակասահմանադրական որոշում, որեւէ մեկին ուրիշ բան չի մնում, քան փոխելը»,-նշեց պատգամավորը:
Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: