Միյատովիչը խոստանում է ուշադրության կենտրոնում պահել Լապշինի գործը
Международные новостиԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման փաստի առնչությամբ իր մտահոգությունները հայտնել է Բելառուսի իշխանություններին: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով գրասենյակի ներկայացուցիչ Ջենիֆեր Ա դամսը:
«Այս պահին ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը խնդրի առնչությամբ այլ մեկնաբանություն չունի: Նա իր մտահոգությունն է հայտնել Բելառուսի իշխանություններին: Միյատովիչը կշարունակի դեպքը ուշադրության կենտրոնում պահել»,- ասաց Ջենիֆեր Ադամսը:
Ավելի վաղ Լապշինի արտահանձնման առնչությամբ Միյատովիչը գրառում էր կատարել թվիթերյան իր էջում` նշելով. ««Հիասթափված եմ. բլոգեր-լրագրողին բանտ են ուղեկցում որպես վտանգավոր հանցագործի: Խոսքի ազատությունը պետք է հաղթանակի ԵԱՀԿ տարածաշրջանում»:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:
Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:
Արմեն Ղազարյան