Հոկտեմբերի 10-ին ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումից առաջ Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևը հայտարարել էր, թե հաջողվել է փոխզիջման հասնել նրբանկատություն պահանջող հարցերում: Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության, փոխզիջումների և այլ հարցերի շուրջORER.am-ը զրուցեց Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանի հետ: Նարեկ Գալստյանն ասաց, որ Ղազախստանի նախագահն առաջին անգամ չէ, որ իրեն ներկայացնում է ադրբեջանական դիրքերից՝ Ալիևի նամակի ընթերցումն էլ վառ ապացույց: Ինչ վերաբերում է փոխզիջումներին՝ Նարեկ Գալստյանն ասաց. « Հայ ժողովուրդը չի հանդուրժի որևէ փոխզիջում, որը կախված կլինի Ղարաբաղի խնդրի հետ: Եթե լինի մաքսակետ Հայաստանի և Ղարաբաղի միջև, որքան էլ դա ձևական բնույթ կրի, այնուամենայնիվ ժողովուրդը կընդվզի»: Հարցին, թե եթե մաքսակետ դրվի, ապա ԵՏՄ-ից երես թեքելու համար ՀՀ-ն ետդարձի ճանապարհ թողե՞լ է իր համար, Նարեկ Գալստյանն ասաց. «Ես հույս ունեմ, որ մենք չենք «ամուսնանում» ԵՏՄ-ի հետ: Հուսով եմ, որ այս դաշինքը կրում է տնտեսական և քաղաքական փոխշահավետ բնույթ: Հիմա եթե երկիրը դառնում է որևէ մեկի վասալը, արդեն իշխանությունների խնդիրն է: Նրանք պետք է հստակ բացատրություն տան ժողովրդին, թե ո՞ւր ենք գնում, ինչո՞ւ ենք գնում և արդյունքում ի՞նչ կունենանք: Սակայն հիմա միայն գիտենք, որ գնում ենք Եվրասիական տնտեսական միություն, և որևէ մեկը չգիտի, թե ինչպե՞ս է ուղղորդվում, ի՞նչ է անում, և մենք ի՞նչ ենք ստանալու դրա դիմաց: Որևէ տնտեսական հաշվարկ հասարակությանը ներկայացված չէ: Այն, որ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններ պետք է ունենանք, դա ՍԴՀԿ-ի համար ևս ընդունելի և ընկալելի է, բայց ԵՏՄ-ն նման է մի տեսակ մութ անտառի, որտեղ մտնում ենք, բայց չգիտենք, թե մեր վերջնական կետը ո՞րն է լինելու»: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի անհայտ պատկերին՝ Նարեկ Գալստյանն ասաց, որ իշխանությունն առաջին անգամ չէ, որ նման կերպ է գործում և վերջին վայրկյանին կարևորագույն որոշումները հայտնելու նրա գործելաոճը ծանոթ է հասարակությանը: Սակայն, Գալստյանի խոսքով՝ վաղ, թե ուշ ամեն ինչ հստակեցվելու է, խորհրդարանում քննարկման ժամանակ էլ բազմաթիվ հարցերի պատասխաններ տրվելու են: