Թուրքիայի դատարանը գործ չի հարուցի Գարո Փայլանին վիրավորած հաղորդավարի դեմ
Международные новостиԹուրքիայի դատարանը մերժել է դատական գործ հարուցել մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանին «անցեղ» անվանած հաղորդավարին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:
Անկարայի գլխավոր դատախազությունը, մեջբերելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, նշել է, որ քաղաքական գործիչները պետք է ճկունություն ցուցաբերեն քննադատությունների նկատմամբ:
Գարո Փայլանը հունվարի 13-ին Թուրքիայի մեջլիսում խոսել էր Հայոց ցեղասպանության մասին, ինչի հետևանքով խիստ քննադատությունների էր արժանացել մյուս կուսակցությունների ներկայացուցիչների կողմից: Մեջլիսի նախագահը նրան պատժել էր` հեռացնելով երեք նիստի աշխատանքներից, իսկ մեջլիսի արձանագրություններից հանվել էին պատգամավորի խոսքերը:
Կատարվածի առնչությամբ թուրք հաղորդավար Օզլեմ Օզջանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էր կատարել, որում ասվում էր. «Եթե ցեղասպանություն է արվել, ձեր նման անցեղն ինչ գործ ունի մեջլիսում»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը ևս մերժել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանի դիմումը, որով նա պահանջում էր չեղյալ համարել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը կիրառելու համար մեջլիսի երեք նիստերից իրեն հեռացնելու մասին որոշումը: