Դերասանուհի Եկատերինա Մորգունովան՝ հայ մոր և Երևանի հանդեպ սիրո մասին
LifestyleՏՆՏ հեռուստաընկերության հումորային շոուի դերասանուհին պատմել է վրացական ու հայկական արմատների մասին.
«Մի անգամ Ռուսաստանում» հումորային ծրագրի հայտնի հիստերիկ կնոջ կերպարը, որը մարմնավորում է Եկատերինա Մորգունովան, հօդս է ցնդում, երբ տեսնում ես այդ նուրբ, բարեհամբույր և գեղեցիկ աղջկան: Երբ սկսում ես զրուցել նրա հետ, հասկանում ես, որ նա և իր մարմնավորած կերպարը երկու տարբեր մարդիկ են. ահա թե որն է դերասանական վարպետությունը: Եկատերինան երկար ճանապարհ է անցել, մինչև ինքնահաստատվել է հումորային ժանրում: Դերասանու հետ զրուցել է armeniasputnik.am-ի թղթակից Ալեքսեյ Ստեֆանովը:
– Կատյա, խոսենք Ձեր արմատների մասին: Դուք Պյատիգորսկից եք, բայց Ձեր հայրը՝ Գուրամ Ուտմելիձեն, վրացի է:
— Այո, հայրս վրացի է, ծնունդով` Բորժոմից: Հիմա այնտեղ են ապրում Վալենտինա տատիկս և հորս կրտսեր քույրը՝ հորաքույր Մական (Մայա): Ես այդքան էլ հաճախ չեմ մեկնել Վրաստան. մանուկ հասակում մի երկու անգամ եմ այնտեղ եղել, բայց ինձ մկրտել են Վրաստանում: Հիշում եմ, թե որքան գեղեցիկ էր բնությունը Կոմպոզիտորների տան հանգստյան գոտում, որտեղ աշխատում էր տատիկս: Ինձ շատ է դուր գալիս այդ երկիրը՝ իր էներգետիկայով, հիանալի մարդկանցով: – Ես լսել եմ, որ Դուք նաև հայկական արմատներ ունեք: Հավանաբար Ձեր հայրը եկել է Պյատիգորսկ սովորելու և այնտեղ հանդիպել է Ձեր մորը: — Այո, դա ուսման տարիներին է եղել կամ նույնիսկ պրակտիկայի, հայրս դեռ Թբիլիսիում է սովորել: Մայրս ծնունդով Պյատիգորսկից է, բայց հայ է՝ Լարիա Առուշանովա: Եվ եթե «վրացի տատիկս» ազգությամբ ռուս է, ապա մորս դեպքում բոլորը հայեր են: Նրա ընտանիքն արդեն մի քանի սերունդ ապրում է Հյուսիսային Կովկասում: Հնարավոր է՝ այդ պատճառով մենք չենք մեկնել Հայաստան. Առուշանովները շատ վաղուց են արմատներ գցել Պյատիգորսկում: Այդ բացը ես ինքս եմ լրացրել, երբ ամուսնուս հետո վարում էինք «Ռուսո տուրիստո» ճանապարհորդային շոուն: Մենք հաղորդում ենք նկարել Երևանում, և ես սիրահարվել եմ այդ քաղաքին ու երկրին: Հայաստանը նույնպես շատ գեղեցիկ երկիր է: Բայց ես մեծացել եմ Կովկասում, ուստի ինձ հարազատ են այս տարածաշրջանի բոլոր երկրներն ու քաղաքները: Այնտեղ մարդիկ շատ բարի են, հյուրընկալ, զգացմունքային: Ես վարժվել եմ դրան: Այդ պատճառով սկզբնական շրջանում ինձ համար դժվար էր Մոսկվայում ապրելը: Այստեղ մարդիկ բոլորովին ուրիշ են, անտարբեր: Կովկասում բոլորն իրար մասին ամեն ինչ գիտեն, անհանգստանում են իրար համար, հետաքրքրվում, թե ով ինչպես է ապրում, երեխա ունի, թե ոչ և այլն:

– Հասուն տարիքում եղե՞լ եք Վրաստանում:
— Այո, մենք այնտեղ սյուժե ենք նկարել ճանապարհորդային շոուի համար, անցել ենք Բորժոմի կողքով և այնտեղ կանգ առել: Մինչ նկարահանման խումբը հանգստանում էր, գնացել եմ տատիկիս մոտ: Ինքնաբուխ, բայց շատ ջերմ հանդիպում էր: Վրաստանը մեծ տպավորություն է թողել ինձ վրա, Թբիլիսին հիանալի քաղաք է, Բաթումը՝ նույնպես: Ուզում եմ վերադառնալ այնտեղ:
– Ստացվում է` դուք վրացական, հայկական և ռուսական արմատներ ունեք: Իսկ ինքներդ Ձեզ ո՞ր ազգի ներկայացուցիչ եք համարում:
— Նույնիսկ չգիտեմ… Հավանաբար, ավելի շատ վրացի եմ, ամեն դեպքում 27 տարի ապրել եմ վրացական ազգանունով (Ուտմելիձե — խմբ.): Բացի այդ, վրացիները կարողանում են հաջող կերպով համադրել ժամանակակից կյանքն ու ավանդույթները, ինչը հոգեհարազատ է ինձ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում.