Մենք դառնալու ենք տարածաշրջանի ամենաարագ զարգացող եւ ամենաապահով երկիրը. Սերժ Սարգսյան (ֆոտո)
ПолитикаՎստահ եղեք, որ մենք դառնալու ենք տարածաշրջանի ամենաարդյունավետ եւ ամենաարագ զարգացող պետությունը, դառնալու ենք տարածաշրջանի ամենաապահով երկիրը: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Դինամո» մարզադահլիճում ՀՀԿ նախընտրական քարոզարշավի մեկնարկին իր խոսքում նշել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սկսում է իր քարոզարշավը: Ոչ միայն մեր կուսակցությունը, այլեւ մեր ողջ երկիրն ու հասարակությունը մտնում են կարեւոր պատմական փուլ: Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգ ձեւավորելու գործընթացն արդեն իսկ մեր քաղաքացիների ձեռքերում է: Այսինքն՝ ձե՛ր ձեռքերում է, բարեկամնե՛ր: Եթե այսօրվանից սկսած տարբեր կուսակցությունների եւ դաշինքների համար դուք ընտրողներ եք, ապա ինձ համար, այո՛, բարեկամներ եք, մարտական ընկերներ եւ գործընկերներ: Ուրեմն տվեք ձեր ձայնը հանուն Հայաստանի անվտանգության եւ առաջընթացի:
Ինձ համար, որպես Հայաստանի կառավարող կուսակցության ղեկավարի, բացառիկ կարեւորություն ունեն այս ընտրությունները: Ամենակարեւորը՝ մեր քաղաքացիների վստահությունն է արդյունքների նկատմամբ: Մենք պետք է անցկացնենք այնպիսի ընտրություններ, որ որեւէ մեկի մեջ կասկածներ չառաջանան ընտրությունների ազատության, թափանցիկության կամ էլ արդարության առնչությամբ: Օրենքի տառին եւ ոգուն համապատասխանող ընտրությունները լինելու են բոլորիս հաղթանակը՝ անկախ նրանից, թե ով քանի քվե կստանա: Դա կլինի ազգի, պետության եւ հասարակության հաղթանակը: Համոզված եմ, որ մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պատրաստ ենք դրան:
Մեր կուսակցությունը սկսում է իր ընտրարշավը պարզ կարգախոսով՝ «Անվտանգություն եւ առաջընթաց»:
Վերջին քսանհինգ եւ ավելի տարիները ինձ համար եղել են ծանր աշխատանքի եւ պատասխանատվության տարիներ: Այդ ճանապարհին ես կորցրել եմ բազմաթիվ ընկերներ, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության: Եվ այսօր ասում եմ ձեզ՝ չկա ավելի կարեւոր ու կենսական բան, քան երկրի ու ժողովրդի անվտանգությունն է: Մնացած ամեն ինչ վերականգնելի է: Կիսատ գործերը կարելի է ավարտին հասցնել, բացթողումները կարելի է լրացնել, սխալները կարելի է ուղղել, բայց անվտանգության հարցում չկան մանրուքներ, եւ յուրաքանչյուր ձախողում կարող է լինել ճակատագրական: Մենք ապահովելու ենք Հայաստանի եւ Արցախի հուսալի անվտանգությունը: Այսօր մեր սահմաններին կանգնած է Հայաստանի, հայ ժողովրդի ծաղիկը՝ մեր երիտասարդության սերուցքը: Նա ապրելու է ազատ ու ժողովրդավարական Հայաստանում: Նա ապրելու է մի երկրում, որն ունենալու է մեծ առաջընթաց:
Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության խնդիրն է՝ ապահովել ու խթանել այդ առաջընթացը: Հավատացնում եմ ձեզ, որ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու է առաջընթացի դրական ազդեցությունը ամեն տարի, ամեն տարի զգալու է իր կյանքի որակի բարելավումը:
Բարեկամնե՛ր,
Հիշե՛ք, որ ոչ մի անհատ միայնակ չի կարող շատ բան անել: Մեր առջեւ կանգնած խնդիրների լուծումները մենք գիտենք: Բայց լուծումները պահանջում են համազգային ջանքեր, կենտրոնացում եւ խելամիտ ու արդյունավետ կառավարում: Եվ այդ լուծումները պահանջում են գործընթացները ճիշտ ուղղորդող ուժ: Այսօր այդ ուժը բարեփոխվող Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է՝ իր կուռ կառույցներով, իր երիտասարդացող շարքերով, իր կառավարման փորձով եւ, վերջապես, առաջընթացը մարմնավորող իր վարչապետով:
Մեր ընդդիմախոսների եւ մրցակիցների հանդեպ ունեցած ողջ հարգանքով հանդերձ՝ մենք՝ հանրապետականներս, հավատում ենք, որ մենք կհաղթենք՝ կհաղթենք, որովհետեւ հավատում ենք մեր երկրի ապագային, որովհետեւ հավատում ենք մեր ժողովրդի մեծ ներուժին: Վստահ եղեք, որ մենք դառնալու ենք տարածաշրջանի ամենաարդյունավետ եւ ամենաարագ զարգացող պետությունը, դառնալու ենք տարածաշրջանի ամենաապահով երկիրը: Եվ մենք սկսում ենք մեր ընտրարշավը, որպեսզի ձեզ հետ միասին մեր երկրի ու ժողովրդի համար ապահովենք անվտանգություն եւ առաջընթաց»:

.jpg)