ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Փարիզ
ПолитикаՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանեց Փարիզ:
Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ա յլք:
Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ Նախագահի հանդիպումները Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների` Ազգային ժողովի և Սենատի նախագահներ Կլոդ Բարտոլոնի և Ժերար Լառշեի հետ: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
Փարիզում ՀՀ Նախագահը կայցելի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ, որտեղ հանդիպում կունենա կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ: Նույն օրը երեկոյան նախատեսվում է հանդիպում Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:
Այցի երկրորդ օրը Հանրապետության Նախագահը կմեկնի Լիոն: Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ կզետեղի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Լիոնում նախատեսվում է նաև ՀՀ Նախագահի հանդիպումը քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ: