Համբուրգում Չավուշօղլուի ելույթը տեղի կունենա Թուրքիայի հյուպատոսարանի շենքում
Международные новостиԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Համբուրգում ելույթ կունենա Թուրքիայի հյուպատոսարանի շենքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գերմանական DPA-ին հայտնել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտերկրում ընտրական գործընթացները կոորդինացնող կենտրոնից:
Համբուրգի միջոցառումից հետո Չավուշօղլուն կմեկնի Բեռլին, որտեղ կհանդիպի Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ:
Գերմանիայի Համբուրգ քաղաքի Plaza Event Center սրահում նախատեսված Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը տեղի էր ունենալու սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում, չեղյալ էր համարվել: Տեղական իշխանության ներկայացուցիչը հայտնել է, որ միջոցառման սրահը փակվել է` հակահրդեհային համակարգում եղած անբավարարությունների պատճառով:
Ավելի վաղ գերմանական տեղական իշխանությունները չեղյալ էին հայտարարել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը Գերմանիայի Գագգենաու քաղաքում:
Կատարվածի քննադատությամբ էր հանդես եկել նախագահ Էրդողանը, ով հայտարարել էր, թե Գերմանիան իր պահվածքով հիշեցնում է նացիստական ժամանակաշրջանում արված քայլերը: