Չավուշօղլուն խոսել է Գերմանիայի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպման մասին
Международные новостиԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բեռլինի զբոսաշրջության տոնավաճառում հարցազրույց տալով` պատմել է մարտի 8-ին Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ ունեցած հանդիպումից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:
Արտգործնախարարների Բեռլինում տեղի ունեցած մոտ մեկ ու կես ժամ տևողությամբ հանդիպումը նպատակաուղղված է եղել հաղթահարելու վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններում առաջացած լարվածությունը:
«Մենք Գերմանիայի հետ մեր ճանապարհը ցանկանում ենք անցնել բարեկամաբար, սակայն Գերմանիան նույնպես պետք է որոշում կայացնի»,- ասել է Չավուշօղլուն:
Չավուշօղլուն ընդգծել է, որ հանդիպման ժամանակ իր գործընկերը բավականին դրական տեսակետներ է հայտնել թուրք- գերմանական հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
«Մենք Գերմանիայում տեղի ունեցած որևէ ընտրության չենք միջամտել, և Գերմանիան էլ պետք է չմիջամտի մեր ընտրություններին, քանի որ սա ներքին հարց է: Մենք էլ չենք միջամտում որևէ երկրի ընտություններին և ներքին գործերին ու ակնկալում ենք, որ մեր բարեկամ Գերմանիան ևս այդպես կվարվի» ,- նշել է թուրքիայի արտաքին գործերի նախարարը:
Գերմանիայի Համբուրգ քաղաքի Plaza Event Center սրահում նախատեսված Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը տեղի էր ունենալու սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում, չեղյալ էր համարվել: Տեղական իշխանության ներկայացուցիչը հայտնել է, որ միջոցառման սրահը փակվել է` հակահրդեհային համակարգում եղած բացերի պատճառով:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 8-ին Համբուրգում ելույթ է ունեցել Թուրքիայի հյուպատոսարանի շենքում:
Համբուրգի միջոցառումից հետո Չավուշօղլուն մեկնել է Բեռլին, որտեղ հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են թուրք- գերմանական հարաբերություններում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու շուրջ հարցեր:
Ավելի վաղ գերմանական տեղական իշխանությունները չեղյալ էին հայտարարել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը Գերմանիայի Գագենաու քաղաքում:
Կատարվածի քննադատությամբ հանդես էր եկել նախագահ Էրդողանը, ով հայտարարել էր, թե Գերմանիան իր պահվածքով հիշեցնում է նացիստական ժամանակաշրջանում արված քայլերը:
Չավուշօղլուն հայտնել էր, որ Գերմանիայի իշխանությունները օգտագործում են Անկարային ճնշելու բոլոր միջոցները, և թուրք քաղաքական գործիչներին չեն թույլատրում օգտվել իրենց իրավունքից և Գերմանիայում հանդես գալ նախընտրական քարոզչությամբ:
Չավուշօղլուն Գերմանիայի կառավարությանը քննադատել էր թուրք քաղաքական գործիչների իրավունքները ոտնահարելու համար:
Թուրք-գերմանական հարաբերությունների վերջին շրջանի լարվածությունը սկսվել է Ստամբուլում գերմանական Welt Die պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի ձերբակալությունից հետո: