Ադրբեջանի խորհրդարանը ընդունել է կենսաթոշակային տարիքի ավելացման վերաբերյալ օրինագիծը
Международные новостиԱդրբեջանի խորհրդարանում հաստատվել է երկրում առկա բոլոր մասնագիտությունների համար կենսաթոշակային տարիքային ցենզը բարձրացնելու օրինագիծը:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի խորհրդարանի աշխատանքի և սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահ Հադի Ռաջաբլիի փոխանցմամբ` կենսաթոշակային նախագծում կատարվել է 98 փոփոխություն, որոնց համաձայն` տղամարդկանց կենսաթոշակային տարիքը մինչ 2021 թվականը ավելացվելու է 6-ական ամսով մինչև հասցվի սահմանված 65-ին, իսկ կանանց կենսաթոշակային տարիքը` մինչև 2027 թվականը:
Ադրբեջանի կառավարության կողմից առաջարկված նախագծի համաձայն՝ կանանց կենսաթոշակի անցնելու ենթակա տարիքը 60-ից բարձրացվելու է 65-ի, իսկ տղամարդկանց համար 63 տարեկանից բարձրացվել է 65 տարեկանի:
Բացի այդ, այս փոփոխութուններով նախատեսվում է աշխատանքային կենսաթոշակի բազային մասի վերացում, ինչի փոխարեն մինիմալ կենսաթոշակը կսահմանվի 110 մանաթին համարժեք:
Օրենքի այս նախագիծը Ադրբեջանում ուժի մեջ կմտնի 2017-ի հուլիսի 1-ից:
Այս նոր օրինագծի համաձայն` կենսաթոշակի անցնելու համար սահմանված պարտադիր աշխատանքային փորձի շեմը նույնպես բարձրացվում է:
Օրինագծում առաջարկվում է քաղծառայողների պարտադիր աշխատանքային փորձի շեմը 15 տարվանից դարձնել 20 , զինվորականների համար 20-ը` 25, դատախազների համար 25-ը` դարձնել 35, իսկ այլ մասնագիտությունների համար անհրաժեշտ պարտադիր աշխատանքային փորձը համապատասխանաբար ավելացնել 5 տարով:
Մինչ այս փոփոխությունը 2010-2012 թվականների ընթացքում Ադրբեջանում տղամարդկանց կենսաթոշակի անցնելու ենթակա տարիքը 62-ից բարձրացվել էր 63,5-ի, իսկ 2010-2016 թվականներին կանանց կենսաթոշակային տարիքը 57-ից բարձրացվել էր 60-ի:
2000-2010 թվականների ընթացքում ծերության կենսաթոշակ ստացողների թիվը ամեն տարի միջինը 12 հազարով ավելացել է, իսկ 2010-ից 2016 թվականն ընկած ժամանակահատվածում ամեն տարի միջինը 10 հազարով պակասել:
Ադրբեջանի իշխանությունները կենսաթոշակային տարիքը բարձրացնելու վերաբերյալ որոշմամբ ցանկանում է սոցիալական ծախսերը կրճատելու միջոցով փրկել առանց այդ էլ ծանր վիճակում հայտնված պետական բյուջեն: