Նիդերլանդներն ստիպված էր Թուրքիային ցույց տալ կարմիր գիծը. ՊՆ
Международные новостиՆիդերլանդների պաշտպանության նախարար Ժանին Հենիս-Պլասհարթը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու ցանկության մասին:
Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
«Մենք ստիպված էինք Թուրքիային ցույց տալ կարմիր գիծը»,- հայտարարել է նախարարը` ասելով, որ տեղի ունեցածը որևէ կերպ կապված չի եղել Նիդերլանդներում կայացած խորհրդարանական ընտրություններում վարկանիշ հավաքելու հետ:
Թուրքիայի և Նիդերլանդների միջև հարաբերությունները խիստ լարվել են այն բանից հետո, ինչ հոլանդական կողմն արգելեց թուրք քաղաքական գործիչներին և մասնավորապես արտգործնախարար Չավուշօղլուին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալ Ռոտերդամում: Ավելի ուշ Նիդերլանդները թուրք նախարարների ինքնաթիռներին չթույլատրեց վայրէջք կատարել իր տարածքում: Ավելին, Նիդերլանդները Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարարին «անցանկալի անձ» հայտարարեց ու արտաքսեց երկրից:
Պաշտոնական Անկարան բողոքի երկու նոտա է հղել հոլանդական կողմին: Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է Նիդերլանդների հետ բարձր մակարդակի հարաբերություններն առկախելու որոշման մասին` պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել կատարվածի համար: