ՌԴ-ի հետ հարաբերություների օգտին Հայաստանում հանդես են գալիս շատ քաղաքական ուժեր
ПолитикаՌուսաստանի հետ հարաբերություների օգտին Հայաստանում հանդես են գալիս շատ քաղաքական ուժեր, բայց այդ ուժերից գլխավորը, որն անցած տասնամյակում իր վրա վերցրել է հայ-ռուսական քաղաքականությունն առաջ մղելու հարցը, իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը` ներկայացնելով վեր ջին մեկ ամսվա ընթացքում «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի, Եվրասիական փորձագիտական ակումբի կատարած քաղաքական հետազոտության արդյունքները` կապված հայ-ռուսական հարաբերությունների արդի վիճակի վերաբերյալ:
«Այս ուժն է, որ վերջին 10 տարում առաջ է տանում հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունները զարգացնելու գիծը: Առյուծի բաժինը ընկնում է ՀՀԿ-ին, որը համագործակցության փորձ ունի «Եդինայա Ռոսիա»-ի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արամ Սաֆարյանը:
Երկրորդ քաղաքական ուժը Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որը նույնպես ունի համագործակցության դաշինք «Եդինայա Ռոսիա»-ի հետ: Չնայած այդ քաղաքական ուժում կան գործիչներ, որոնք ներդրում ունեն հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործընթացում, բայց, Արամ Սաֆարյանը նշեց, որ հարաբերությունների առյուծի բաժինը Գագիկ Ծառուկյանին է: Նրան են ճանաչում Մոսկվայում, նրա հետ են ուզում գործ ունենալ:
Հայ-ռուսական հարաբերությունների օգտին հանդես եկող հաջորդ ուժը Լևոն Տեր Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն է: Այս ուժը հետևողականորեն վարում է երկու երկրների հարաբերությունները զարգացնելու և խորացնելու քաղաքականություն:
Արամ Սաֆարյանի խոսքով, կան այլ մեծ ու փոքր կուսակցություններ, որոնք հանդես են գալիս երկու երկրների հարաբերությունների խորացման օգտին, բայց վերը նշված երեք ուժերի համեմատ, նրանց ներդրումը եղել է շատ ավելի համեստ:
«Հայաստանում կան ուժեր, որոնք փորձում են լռության մատնել հայ-ռուսական հարաբերությունների կարևորության հարցերը: Այս քաղաքական ուժերը մանևրում են Արևմուտքի և Ռուսաստանի միջև, փորձում են դիվիդենտներ ստանալ մերթ այստեղ, մերթ այնտեղ: Առկա քարոզարշավը մի հնարավորություն է, որ քաղաքական ուժերը պարզ, հստակ ներկայացնեն իրենց դիրքորոշումն արտաքին քաղաքական կարևոր վեկտորների օգտին, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ»,-ասաց նա:
Արամ Սաֆարյանը նշեց, որ քաղաքական շրջանակներից գալիս են ազդակներ այն մասին, որ Հայաստանը կարող էր ավելի անկախ դիրքորոշում ունենալ միջազգային քաղաքականության դաշտում, արվում են փորձեր` նսեմացնելու հայ-ռուսական հարաբերությունների նշանակությունը, կասկածանքի սերմ գցելով հայ հասարակության մեջ: Արամ Սաֆարյանն ընդգծեց, որ այս երևույթն անընդունելի է:
«Հայաստանի քաղաքականությունը, որը հիմնված է հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի զարգացման վրա, դրա հետ մեկտեղ, ուժային մյուս բևեռների հետ փոխվստահության, փոխօգնության հարաբերությունների կառուցման վրա, կարծում ենք, որ քաղաքական դաշտում այս դիրքորոշմանն այլընտրանք չկա»,-հավելեց նա: