Հիմա չէ, հիմա չի կարելի, չի թույլատրվում. Սեյրան Օհանյանը մերժեց աջափնյակցու խնդրանքը (ֆոտո)
ПолитикаNEWS.am-ը գրում է.
Հիմա չէ, հիմա չի կարելի, չի թույլատրվում: Այսօր՝ մարտի 19-ին, Աջափնյակում նախընտրական հանդիպման ժամանակ այսկերպ արձագանքեց «Օհանյան-Րաֆիի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը՝ մերժելով աջափնյակցու՝ դեղամիջոցի համար գումարով օգնության խնդրանքը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հանդիպումը կայացել է «Արմենիա» բժշկական կենտրոնի հարեւանությամբ գործող այգում:
Սեյրան Օհանյանը ընտրողներին ձեռքով բարեւելով անցավ: Նրան մոտեցավ աջափնյակցիներից մեկը եւ խնդրեց իրեն օգնել դեղորայք գնելու հարցում: Մինչ աջափնյակցին բացատրում էր Սեյրան Օհանյանին ինչ նշանակումներ են արել իրեն բժիշկները, քաղաքացուն մոտեցավ դաշինքի Աջափնյակ համայնքի թեկնածուներից մեկն ու հեռացրեց քաղաքացուն, Սեյրան Օհանյանն էլ մերժեց քաղաքացուն՝ մեկնաբանելով, որ այժմ չի թույլատրվում ընտրողներին որեւէ աջակցություն, օգնություն տալ. «Հիմա չի թույլատրվում, հիմա չեմ կարող»։
Դաշինքի թեկնածուները Արմեն Մարտիրոսյանի առաջարկով քարոզարշավը մեկնարկեցին մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի»:
«Չլինեին այս իշխանությունները, չէր լինի «Սասնա ծռերի» գործողությունը եւ «Հաց բերողի» նկատմամբ այսպիսի վերաբերմունք չէր լինի: Այսօր փորձում են ինչ-որ բժշկական փաստաթղթեր ներկայացնել, տեսնել բժիշկներն ինչ են արել, ճիշտ են արել, թե ոչ: Բայց ակնհայտ է մի պարզ ճշմարտություն՝ չլիներ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» երկրորդ կալանքը, ինքը ոչ հացադուլ կաներ, ոչ էլ այդ հացադուլի՝ 25 օրերի ժամանակ կհյուծվեր: Ակնհայտ է՝ հաց բերողի մահվան պատճառը հյուծվելն է եղել: Եվ ամբողջ պատասխանատվությունն իշխանությունների վրա է, որովհետեւ իրենք անընդհատ ասում էին՝ մենք հետեւում ենք նրա առողջությանը, որեւէ խնդիր չունի: Պաշտոնական հաղորդագրություն էին տալիս: Պարզվեց, որ շատ մեծ խնդիր կա: Որքան էլ պայքարեց հասակությունը, մտավորականությունն ուղերձներ հղեց, միեւնույն է՝ իշխանությունները հրաժարվեցին ազատ արձակել, մինչեւ նրա առողջականը կրիտիկական վիճակի հասավ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:


.jpg)
