Ակնհայտ է, որ մենք ուժեղ ենք. Վարդան Բոստանջյան
ПолитикаԱյսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ «Ծառուկյան դաշինքի» վարկանիշային թեկնածու, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադառնալով այն հարցին, որ հատկապես վերջին օրերին մրցակցային պայքարը թեժանում է, նշեց, որ տեղի ունեցող զարգացումները բնական են. «Հատկապես վերջին օրերին մրցապայքարը պետք է թեժանա, ինչը և տեղի է ունենում: Հասարակությանը կողմնորոշելու համար բոլոր 9 կուսակցությունները սրացնում են պայքարը; Կարծում եմ, որ սա հրաշալի շանս է՝ ունենալու ավելի լավ խորհրդարան»:
Հարցին, արդյոք անիրատեսական չեն «Ծառուկայն» դաշինքի առաջարկած խոստումները, Վարդան Բոստանջանը նշեց. «Այդտեղ անիրատեսական ոչինչ գոյություն չունի: Ցանկացած երկիր գործառույթների նվազագույն չափ ունի, որը չիրագործելու իրավունք չունի, հակառակ դեպքում պիտի տեղը զիջի այլ ուժերի: «Ծառուկյան» դաշինքի համար նախընտրական քարոզարշավը շատ հանգիստ է անցել ու անցնում: Պարոն Ծառուկյանի արած գործերն ու մոտեցումները մեր աչքի առաջ են եղել, բայց ինչպես նա ասել է մի ժամանակ` բարեգործությամբ երկիր չես պահի: Անհրաժեշտ է տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծել նպաստավոր պայմաններ` առաջ գնալու, արդյունք ստանալու համար»:
Ամփոփելով` պատգամավորի թեկնածու Վարդան Բոստանջյանը շեշտեց, որ «Ծառուկյան» դաշինքը իշխանության հետ կոալիցիա չի կազմելու` անկախ ընտրությունների արդյունքից: «Ընդհանուր առմամբ` ակնհայտ է, որ մենք ուժեղ ենք, իսկ ուժեղը միշտ առաջինն է»,- ամփոփեց նա:
Սոսե Չանդոյան