Այդ միջազգային, համաշխարհային բոբոյով մարդը 26 տարի շարունակ վախեցնում է մեր հասարակությանը
ПолитикаՀՅԴ համամասնական ցուցակի ներկայացուցիչ, պատգամավորության թեկնածու Բագրատ Եսայանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի վերջին հարցազրույցի ժամանակ ԼՂՀ հակամարտության վերաբերյալ հարցերին, նշեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա գլխավորած «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն իր մոտեցումը փորձում է ամեն կերպ հիմնավորել՝ հաճախ խեղաթյուրելով փաստերը, որի առաջին դրսեւորմանը մենք ականատես եղանք 1997 թվականին, որի համաձայն՝ իր առաջարկած փուլային լուծումն իբր ամենալավն էր լինելու դրանից հետո առաջարկվելիք Քի Վեսթի, Մադրիդյան եւ մնացած բոլոր լուծումներից: Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է ստորագրել ԼՂՀ հակամարտության՝ լուծում առաջարկող բոլոր տեսակի փաստաթղթերի տակ՝ միայն ազատվի Ղարաբաղի խնդրի բեռից, սա է իրականությունը, իսկ Ղարաբաղը հանձնելու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ ցանկությունը ի հայտ է եկել դեռեւս 1997թ. Ժելեզնովոդսկից»:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես պարոն Եսայանը կմեկնաբանի առաջին նախագահի՝ վերջերս ԼՂ հարցով ծրագրային դրույթների վերաբերյալ հնչեցրած ծաղրական միտքը, ըստ որի՝ Լ. Տեր-Պետրոսյանը սցենար էր առաջարկում, որով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կուլիսներ էր հրավիրելու դաշնակցական «երիտասարդ» անդամներին, պարոն Եսայանը նկատեց. «Այդ միջազգային, համաշխարհային բոբոյով մարդը 26 տարի շարունակ վախեցնում է մեր հասարակությանը, ասելով,եթե հենց հիմա չստորագրեք կապիտուլյացիան, տեսեք՝ գալու են ձեզ ուտեն: Լեւոն Տեր-Պետրոսյանը երեւի փոքր ժամանակ վախեցել է եւ սկսած 1991 թվականից այդ վախը փորձում է փաթաթել մարդկանց վզին: Չկա այդպիսի բան, չկա համաշխարհային հանրություն, այդ միակուռ ինչ-որ պատը, որ, եթե հաջորդ օրը չանենք՝ ամբողջ ծանրությունն ընկնելու է մեր վրա: Նրա բոլոր ելույթները նենգափոխված են, թե իբր մեր բոլոր պրոբլեմները խաղաղության համաձայնագիր չունենալու պատճառով են: Ըստ նրա տրամաբանության՝ Հայաստանում տնտեսությունը վատ վիճակում է, որովհետեւ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, եւ դա ասում է մի մարդ, ով դեռեւս իր նախագահության տարիներից տնտեսությունից որեւէ բան չէր հասկանում՝ թողնելով այդ խնդիրը թաշկինակի նման փոփոխվող իր վարչապետների ուսերին: 1997-ի դեկտեմբերին իր իսկ կողմից հրամցրած եւ բոլորի, անգամ՝ իր թիմակիցների կողմից մերժված ԼՂՀ հակամարտության «լուծման» ծրագիրը բոլորին հասկացնել տվեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը պարզապես անկեղծ ցանկություն է՝ հանձնելու Ղարաբաղը: Իսկ երբ նրան ասացին՝ հեռացի՛ր, նա հայտարարեց, թե հաջորդ բոլոր փաստաթղթերն ավելի վատն են լինելու: Այնինչ կյանքը ցույց տվեց, որ հաջորդ ամեն փաստաթուղթ նախ կարող է ավելի լավը լինել»,-ասաց պատգամավորի թեկնածուն: