Քարոզարշավի ընթացքում ոստիկանությունը ստացել է ընտրախախտումների վերաբերյալ 67 ահազանգ
ПолитикаՔարոզարշավի ընթացքում ՀՀ ոստիկանությունը ստացել է ընտրախախտումների վերաբերյալ 67 ահազանգ: 67 ահազանգերից 2-ի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, 31 դեպքում ներկայացված հանգամանքները չեն հիմնավորվել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ապրիլի 2-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ, ստացել է ընտրախախտումների վերաբերյալ 24 տեղեկություն:
«Դրանցից մեկը եղել է քաղաքացու ազատ ընտրելու իրավունքը խոչընդոտելու վերաբերյալ, 2-ը` խուլիգանական արարքի, 1-ը ընտրական հանձնաժողովի թեկնածուի կամ նրա վստահված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 8-ը` այլ անձի փոխարեն քվեարկելու, 1 դեպք` քվեարկության գաղտնիությունը խախտելու, և 11 դեպք` այլ իրավախախտումների վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ 24 տեղեկություններից 4-ը գտնվում են նյութերի նախապատրաստման փուլում, 20-ը` ստուգման փուլում:
Ոստիկանության թեժ գծին ապրիլի 1-ին ստացվել է 12 ահազանգ, ապրիլի 2-ին` ժամը 13:00-ի դրությամբ 15 զանգ: Ապրիլի 2-ին կայացած 15 զանգերից 6-ը եղել են ընտրատեղամասում կուտակումների վերաբերյալ, 2-ը` լցոնումների, 3-ը` ընտրակաշառքի, 1-ը` բռնության կամ ծեծի վերաբերյալ, իսկ 3 զանգ կրել է խորհրդատվական բնույթ: