«Ելք» դաշինքի ներկայացուցիչ․ ՀՀԿ-ն զրկվել է քաղաքական մենաշնորհից
ПолитикаՀՀԿ- ն զրկվել է քաղաքական մենաշնորհից։ Այս մասին հայտնել է «Ելք» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը՝ մեկնաբանելով խորհրդարանական ընտրություններին էքզիթ փոլերի արդյունքները։
Նրա խոսքով արդեն հիմա ակնհայտ է, որ ՀՀԿ-ն չի հավաքի անհրաժեշտ 50+1 տոկոսը՝ կառավարական մեծամասնություն ձեւավորելու համար։ «Հաշվի առնելով ապագա խորհրդարանի պատկերը՝ ՀՀԿ-ն կզրկվի քաղաքական մենաշնորհից»,- համարում է Խաժակյանը։ Ընդ որում, մեկնաբանելով հանրապետականների հայտարարություններն այն մասին, որ կառավարման խորհրդարանական ձեւին անցնելու հետ միասին ընդդիմությունը ազդեցության ավելի շատ լծակներ կստանա երկրում որոշումների կայացման վրա, Խաժակյանը նշել է, որ «ՀՀԿ-ի պարլամենտարիզմը» ոչնչով չի տարբերվում նրանից, ինչ եղել է մինչ այդ։ «ՀՀԿ-ն պարզապես փաթեթավորումն է ավելի գեղեցկացրել, բայց բովանդակությունը չի փոխվել»,- նշել է նա։
«Ելք» դաշինքի անդամ Մանե Թանդիլյանի գնահատականով քվեարկության ընթացքում ընտրակաշառքները զանգվածային բնույթ են ունեցել։ «Դա կասկածներ է առաջացնում»,- նշել է նա։ Ընդ որում Թանդիլյանը ափսոսանքով է ընդունել, որ հասարակության որոշ մասը հակված է կաշառք վերցնելուն ու պատրաստ է վաճառել իր ձայնը։ «Մենք պետք է հասկանանք, թե ինչն է դրա պատճառը ու ինչպես կարելի է փոխել այս վիճակը»,- համարում է նա։ Թանդիլյանը համաձայնել է, որ ՀՀԿ-ն ամենայն հավանականությամբ չի ստանա 50 տոկոսը։ «Հասարակության երկու կարեւոր մասերը չեն եկել ընտրություններին։ Ընդդիմադիր տրամադրված ու հիասթափված քաղաքացիները, նաեւ երիտասարդությունը»,- ասել է նա։ Նրա կարծիքով եթե ընտրողների այդ կատեգորիան գար ընտրությունների, ապա պատկերը այլ կլիներ։