Թրամփն այս քայլով ցանկանում էր տարբերվել Օբամայից. արաբագետ
Международные новостиԱյսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ արաբագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, խոսելով շաբաթվա սկզբին Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգի Խան Շայխուն բնակավայրում տեղի ունեցած քիմիական հարձակման մասին, որի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ էին զոհվել, ասաց, որ սիրիական ընդդիմությունը և նրան հարող արտաքին ուժերը պնդում են, որ սիրիական օդուժը քիմիական զենք է կիրառել, քիմիական բաղադրիչներով հրթիռներով հրթիռակոծել է շրջանը, իսկ սիրիական կառավարությունը և ռուսական կողմը նշում է, որ հարվածը եղել է ընդդիմությանը: Ինչպես նշեց բանախոսը, բնականաբար, ոչ ոք չի կարող ասել, թե որ վարկածն է ճիշտ։
«Իմ կարծիքով՝ երկու հիմնական տարբերակ է հնարավոր. ես բացառում եմ, որ Բաշար Ասադի կամ սիրիական բարձրագույն իշխանությունների գիտությամբ է իրականացվել այս գրոհը։ Եթե սիրիական կառավարական ուժերն են հեղինակը, ապա նրանք գործել են առանց բարձրագույն ղեկավարության իմացության։ Բայց շատ ավելի ճշմարտության մոտ եմ համարում հենց սիրիական կառավարության և ռուսական կողմի մեկնաբանությունը, որ հարվածն իրականացվել է քիմիական զենքի պահեստներին»,- ասաց նա:
«Կարծում եմ, որ այդ ամենը ձեռնտու է սիրիական ընդդիմությանն ու նրանց արտաքին հովանավորներին, այսինքն՝ Պարսից Ծոցի արաբական երկրներին. նրանց պետք էր մի իրավիճակ, որ առանց իրենց մասնակցության ընթացող պրոցեսները բացառվեին, ինչին մենք ականատես ենք լինում»,- ընդգծեց արաբագետը` հավելելով. «Չեմ կարծում, թե ԱՄՆ-ի կողմից ներսիրիական իրադարձություններին ուղղակի միջամտություն է եղել: Պարզապես ստեղծվել էր միջավայր՝ իրավիճակը փոխելու, ԱՄՆ գործողություններն ավելի ակտիվացնելու։ Մինչ այս Թրամփի վարչակարգն աչքի էր ընկնում միայն հայտարարություններով, ԻԼԻՊ-ի դեմ պայքարի նոր ռազմավարության մշակմամբ, և այլն։ Եթե պայմանականորեն բնորոշենք ներկա իրավիճակը, կարող ենք ասել, որ ԱՄՆ-ը վերադառնում է սիրիական հակամարտություն»։
Ա. Պետրոսյանի կարծիքով՝ այդ հարվածը նախազգուշական էր. «Թրամփն այս քայլով ցանկանում էր տարբերվել Օբամայից իր գործողություններով, որոնք, ըստ նրա, խորը հետևանքներ չեն ունենա, եթե ռուսական կողմը փորձի խնդիրը տեղափոխել դիվանագիտական հարթություն, և առավել չսրի իրավիճակը: Այլ բան է, որ այս իրավիճակը կարող է հետագա սադրանքների պատճառ դառնալ։ Պարզ է, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, չի գնա սրացման, բայց փորձագիտական շրջանակներում կտրուկ գնահատականներ կլինեն»:
Սոսե Չանդոյան