Ստամբուլի հայկական «Քամփ Արմեն» որբանոցում վերականգնման աշխատանքները սկսվել են
Международные новостиՍտամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» («Արմեն ճամբար») անունով հայտնի հայկական որբանոցի շենքի վերականգնման գործը մեկնարկել է. արվել են փորման առաջին աշխատանքները: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու և դպրոցի հիմնադրամի նախագահ Գրիգոր Աղաբալօղլուն նշել է, որ իրենք նպատակ ունեն պատմական որբանոցը, որի շենքի մի մասը փլուզված է, վերադարձնել նախկին տեսքին: Նա հիշեցրել է նաև, որ որբանոցի տարածքի մի մասը դեռևս չի վերադարձվել իրենց: «Հավատում ենք, որ համաձայն մեզ տրված խոստմանը` մնացած մասը ևս հետ կվերադարձվի: «Քամփ Արմեն»-ը կծառայի որպես շատ գեղեցիկ մի մշակութային հաստատություն: Այնտեղ վառ կմնա նաև բոլորիս սրտում սպիացած Հրանտ Դինի հիշատակը»,- ընդգծել է նա:
«Քամփ Արմեն» ամառային որբանոցը կառուցվել է հայ որբերի աշխատանքով: Ճամբարում բնակվող երեխաները մասնակցել են շինարարական աշխատանքներին: 12-30 տարեկան երեխաներն ու մեծերը, հատկապես՝ որբ ու աղքատ հայ երեխաներն ակտիվորեն մասնակցել են ճամբարի կառուցման աշխատանքներին: Քամփ Արմենում է ապաստանել, կրթվել, հայերեն սովորել շուրջ 1500 երեխա, այդ թվում և պոլսահայ լրագրող Հրանտ Դինքը:
1983 թվականին այն բռնագրավվել է թուրքական պետության կողմից: Թուրքիայում 2011թվականին օրենք է ընդունվել բռնագրաված եկեղեցապատկան գույքը փոքրամասնություններին վերադարձնելու մասին, սակայն Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից այդ ամառային ճամբար-մանկատունը չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակա գույքի ցուցակում:
2015 թվականի մայիսի 6-ին բուլդոզերները և հատուկ մեքենաները սկսել են քանդել «Քամփ Արմենը». քանդվել է շենքի մեկ երրորդը: Դրա դեմն առնելու նպատակով Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել են այնտեղ` կասեցնելու որբանոցի շենքի կործանումը: 175 օր տևած համառ պայքարից ու որբանոցի տարածքում շուրջօրյա հերթապահությունից հետո «Քամփ Արմենը» 2015 թվականի հոկտեմբերին վերադարձվել է Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին: