Գերմանացի քաղաքական գործիչը կոչ է արել հանրաքվեում «այո» ասած թուրքերին վերադառնալ Թուրքիա
Международные новостиԳերմանիայի աջակողմյան «Այլընտրանք հանուն Գերմանիայի» կուսակցությունը հայտարարել է, որ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում «այո» ասած գերմանաբնակ թուրքերը պետք է վերադառնան այդ երկիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Ալիս Վայֆդելը ընդգծել է, որ Գերմանիայում հանրաքվեի մասնակիցների կողմից ավելի շատ «այո» քվեարկելու փաստը ցույց է տալիս, որ այդ թուրքերի ինտեգրման գործընթացը հաջողությամբ չի ընթանում: Նա տրամաբանական է համարել, որ այդ թուրքերից հետ վերցվի Գերմանիայի քաղաքացիությունը:
Ապրիլի 16-ին Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում Գերմանիայի թուրքերը մեծ մասնակցություն են ունեցել: Այդ երկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների շուրջ 60 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին:
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում ընտրատեղամասերի 100 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:
Գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է հանրաքվեիարդյունքները բողոքարկելու մասին: Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ շուրջ 1,5 միլիոն քվե հաշվվել է «այո»-ի օգտին խախտման արդյունքում: