Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել բլոգեր Մեհման Հուսեյնովին
Международные новости32 միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ Ադրբեջանի կառավարությունից պահանջել են անմիջապես ազատ արձակել ձերբակալված բլոգեր Մեհման Հուսեյնովին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական Meydan. TV-ն: Մամուլի օրվան նվիրված համատեղ հայտարարության մեջ կազմակերպությունները նշել են, որ բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովի ձերբակալությունը տեղի է ունեցել անօրինական մեղադրանքներով:
«Մեհման Հուսեյնովի ձերբակալությունը ադրբեջանական իշխանությունների պատասխանն է նրա քննադատական նյութերին»,- ասված է կազմակերպությունների հայտարարության մեջ:
Մեհման Հուսեյնովը զրպարտություն կատարելու հատկանիշներով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Հուսեյնովն ավելի վաղ` հունվարին, ձերբակալվել և ազատ էր արձակվել, ինչից հետո հայտարարել էր, որ ոստիկանական բաժանմունքում ճնշումների է ենթարկվել: Նման հայտարարությունից հետո Նասիմիի շրջանի ոստիկանական վարչությունը բլոգերի դեմ գործ էր հարուցել` հայտնելով, որ նրա հայտարարությունները զրպարտանք են, և Հուսեյնովը զրպարտության հատկանիշներով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: