Լուվրի մոտ գտնվող հրապարակում կասկածելի պայուսակ են հայտնաբերել. մարդիկ տարհանվել են
Международные новостиԼուվրի մոտ գտնվող հրապարակում, որտեղ Ֆրանսիայի նախագահական թեկնածու և ընտրություններում ֆավորիտ համարվող Էմանուել Մակրոնը կիրակի երեկոյան պատրաստվում է նշել իր հնարավոր հաղթանակը, մարդիկ են տարհանվել անվտանգության հետ կապված ստուգումների պատճառով կասկածելի պայուսակի հայտնաբերումից հետո: Այս մասին հայտնում է The Independent-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը և Մակրոնի նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկին:
«Կասկածելի պայուսակի հայտնաբերումից հետո 300 լրագրողներին խնդրել են հեռանալ տարածքից անվտանգության նկատառումներով, և նրանք տեղափոխվել են այլ վայր»,- ասել է նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկը:
Մակրոնի թիմը հինգշաբթի հայտնել է, որ թանգարանի առջև գտնվող բակում է Մակրոնը պատրաստվում տոնել իր հնարավոր հաղթանակը:
Կայքը հիշեցնում է, որ Ֆրանսիան դեռևս արտակարգ դրության մեջ է Փարիզում 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայի նախագահական ընտրություններն ընթանում են անվտանգության ուժեղացված պայմաններում:
երկրի ղեկավարի պաշտոնին են հավակնում «Առա՛ջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն ու «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը:
Մակրոնն ընտրությունների առաջին փուլում հավաքել էր ձայների 24.01%-ը, իսկ Լը Պենը՝ 21.3%-ը:
Ավելի վաղ անցկացված սոցհարցումների արդյունքները վկայում են, որ 2-րդ փուլում ֆրանսիացիների 60%-ից ավելի պատրաստվում է քվերակել հօգուտ Մակրոնի: